Լոռու մարզում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի մասին

Փետրվարի 22-ին, ժամը 22։40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք։

Ինչպես հայտնի դարձավ, Վանաձոր քաղաքի Ուսանողական 5 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում մի կողմից՝ Լոռու մարզի բնակիչներ 22-ամյա Տիգրան Բ․-ը, 50-ամյա Մարտիկ Ռ․-ը, 22-ամյա Արմեն Ռ․-ը և 26-ամյա Ասատուր Ռ․-ն, մյուս կողմից՝ 38-ամյա Արշակ Ա․-ն և 45-ամյա Արտակ Ա․-ն վիճաբանության մեջ են մտել։

Վիճաբանության ընթացքում Ասատուր Ռ․-ն դանակով հարվածներ է հասցրել Արշակ Ա․-ին և Արտակ Ա․-ին։ Արդյունքում վերջիններս ստացել են «ակնագնդի տրավմատիկ վնասվածք» և «գլխի գագաթաքունքային կոտրվածք ձախից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած չթափանցող վերք» վնասվածքներ, որոնց պատճառով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Լոռու մարզային քրեական ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Տիգրան Բ․-ը, Ասատուր Ռ․-ը և Արմեն Ռ․-ը։ Ոստիկանությունը շարունակում է աշխատանքները հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կասկածյալը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։