Փաշինյանի հայտարարությունները շանտաժ են ընտրողների նկատմամբ․ Էդգար Էլբակյան

Նիկոլ Փաշինյանի պատերազմի մասին արած հայտարարությունները շանտաժի և սպառնալիքի գործիք են, որոնք ուղղված են ընտրողների ազատ կամքի դեմ։ Այս կարծիքը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ վերլուծելով վարչապետի երեկվա հայտարարությունը «սեպտեմբերյան պատերազմի» մասին։

Ըստ քաղաքագետի՝ իշխանության պարտականությունն է ապահովել ազատ և արդար ընտրություններ, այլ ոչ թե փորձել ամեն գնով վերընտրվել։ Նա նաև ընդգծեց, որ կառավարության պարտականությունն է դիմագրավել արտաքին սպառնալիքներին, ոչ թե սեփական ժողովրդին պատերազմով վախեցնել։

Էդգար Էլբակյանը նշեց, որ այս պայմաններում, առավել ևս՝ Հայաստանում, եվրոպական «հիբրիդնոց» ստեղծելու հեռանկարը հաշվի առնելով՝ պետք է արդեն հիմա ֆիքսել, որ ընտրություններն արդեն կեղծված են։ Նա հավելեց, որ եթե ընտրություններն իրապես արդար անցնեն, այս իշխանությունները չեն վերընտրվի։

«Դա տեղեկություն չէ, դա սպառնալիք է, շանտաժ, եթե կուզեք՝ բռնություն ընտրողների կամքի նկատմամբ։ Ընդհանրապես, որևէ մի իշխանության պարտականությունն է, եթե դեմոկրատական երկիր է, և իշխանությունն այդ երկրում ձևավորվում է ընտրությունների միջոցով, ապահովել այնպիսի պայմաններ, որ մարդիկ կարողանան իրենց կամքն ազատ արտահայտեն։ Եթե, ընդհակառակը, իշխանության լինելով՝ շահագրգռված ես, որ մարդիկ այնպիսի իրավիճակում հայտնվեն, իսկ այդպիսի իրավիճակ է ուժի սպառնալիքն Ադրբեջանի կողմից, և այդ պայմաններում կատարեն ընտրություն, ապա հիմիկվանից եկեք արձանագրենք, որ ընտրություններն արդեն իսկ կեղծված են՝ ինչպես 2021-ի ընտրությունները», — մեկնաբանեց քաղաքագետը։

Էդգար Էլբակյանը հիշեցնում է 2021 թվականի փետրվարյան իրադարձությունները, երբ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Նրա խոսքով՝ այդ ընտրություններից մի քանի ամիս առաջ Թուրքիան միջամտել էր Հայաստանի ներքին գործերին՝ հասկացնելով, որ «փիս-փիս բաներ կանեմ, եթե իշխանափոխություն լինի»։

Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանի իշխանության օրակարգը խաղաղության չէ, այլ «Հայաստանի մահվան տեսլականը», որը նա ներկայացնում է՝ որպես խաղաղության։