Պետք է որոշենք, թե ինչ բառեր են «տաբու» և դրա մասին չխոսենք: Փաշինյանի հայտարարությունը հիշեցնում է ԽՍՀՄ-ի ժամանակահատվածը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե որոշ խոսույթներ, այդ թվում՝ «էթնիկ զտում» բառի օգտագործումը, կարող են «վնասակար» լինել, ցեղասպանագետ պատմաբան Սուրեն Մանուկյանի մոտ ստեղծել է խորը մտահոգություն։ Նա այս հարցումը համարում է ոչ միայն անհասկանալի, այլև վտանգավոր նախադրյալ, որը հիշեցնում է խորհրդային միության ժամանակաշրջանը, երբ որոշակի թեմաներ և բառեր պետական մակարդակով արգելված էին։

«Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարող ենք ասել էթնիկ զտում, իրենք էլ, հայելային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայելային ցեղասպանություն», — ասել էր վարչապետը՝ փորձելով բացատրել իր տեսակետը։

Սուրեն Մանուկյանը նշում է, որ այս հայտարարությունը նրան հիշեցնում է այն ժամանակներ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այդ թվում՝ նաև մասնագետները, իրավունք չունեին խոսելու որոշակի պատմական իրադարձությունների մասին։ «Այսինքն՝ հիմա մենք՝ սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, իրավունք չունե՞նք այս բառը օգտագործելու։ Ես՝ որպես մասնագետ, որ զբաղվում է թեմաներում, որտեղ էթնիկ զտումը տարածված տերմին է, ես իրավունք չունե՞մ այն օգտագործել», — հարցում է նա։

Պատմաբանը նաև նշում է, որ այս մոտեցումը կարող է հանգեցնել ավելի խորը և վտանգավոր հետևանքների։ Նրա խոսքով՝ եթե կառավարությունը որոշի «տաբու» դարձնել ցեղասպանության և էթնիկ զտման մասին խոսելը, ապա հնարավոր է, որ մի օր այն հրաժարվի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակից և ինստիտուտի ֆինանսավորումից։

Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ նաև հայտարարել էր, որ «ընդհանրապես հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից»։ Սուրեն Մանուկյանը նշում է, որ նման հայտարարությունը խարխլում է բարու և չարի, աշխարհայացքի հիմքերը։ «Երբ որ քեզ խորհուրդ են տալիս արդարությունից այլևս չխոսել, արդարության վերականգնման համար աշխատանք չտանել, դա խարխլում է ընդհանրապես քո բարու և չարի նկատմամբ, քո աշխարհայացքի, քո ամենօրյա աշխարհընկալման հիմքերն է խաթարում», — նշում է նա։

Ցեղասպանագետը համոզված է, որ կոնֆլիկտները չեն առաջանում հնչեցված բառերից, այլ նպաստավոր պայմաններից, կառավարության վատ աշխատանքից և այլն։ Նրա կարծիքով՝ պատմական ճշմարտությունը իմանալուց, ընդունելուց և արդարությունը վերականգնելուց հետո է հնարավոր իրական խաղաղություն։ «Ի վերջո, հենց պատմական ճշմարտությունը իմանալուց, ընդունելուց և արդարությունը վերականգնելուց հետո է հնարավոր իրական խաղաղություն», — եզրափակում է նա։

Այս քաղաքականության հետևանքները կարող են լինել ավելի լայն, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը դեռ 2024-ին հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս կառավարության առաջնահերթություններից չէ։