Այսօր՝ փետրվարի 18-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցի հետևանքով տասը քաղաքացի վիրավորվել է, որոնցից մեկը՝ հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքը տեղի է ունեցել Աբելյան փողոցում, 9 հասցեում։ Օպերատիվ տեղեկություն ստանալով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը և համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը անհապաղ ուղարկել են իրենց ծառայողներին դեպքի վայր։
Տեղում աշխատում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Խորեն Բարխոյանը, ինչպես նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Դավիթ Ավագյանը և նրա տեղակալ Գևորգ Պողոսյանը։
Քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ, հայտնաբերել է մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ և «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա էին կրակոցի հետքեր։
Դեպքի փաստով մի խումբ անձանց նկատմամբ «սպանության փորձի» և ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների և «Lexus»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
Հիվանդանոցից ստացված ահազանգից հետո պարզվել է, որ վիրավորներից մեկը մահացել է։










