Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։
Հուշագիրը ստորագրած քաղաքական կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական օրակարգի և նախընտրական ծրագրի շուրջ։ Նրանք կգործեն պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության, արդյունավետ և հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական և սոցիալական արդարության և համերաշխության ապահովման սկզբունքների վրա։
Ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային-պետական և արժեքային մոտեցումներին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվել այդ գաղափարական հենքի շուրջ։
Գալիք խորհրդարանական ընտրություններին քաղաքական կուսակցությունները կմասնակցեն միասնական քաղաքական դաշինքով՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանմամբ։
Լուսանկարը հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ «Միավորվելու ժամանակն է» խորհրդանշական կարգախոսով։