Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է դարձել իշխանության փոփոխությունը

Ներկա իրավիճակն ըստ էության գնահատելու դեպքում ակնհայտ է, որ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է դարձել իշխանության փոփոխությունը։ Այս համոզմունքը 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ վերլուծելով վերջին օրերում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները։

Հակոբ Բադալյանի խոսքով՝ Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ իրեն բավարար չէ պարզ մեծամասնությամբ իշխանություն պահելը, այլ նոր նշաձող է սահմանում՝ «սահմանադրական մեծամասնություն» Ազգային ժողովում։ Այս հարցի պատասխանը, վերլուծաբանի կարծիքով, այն է, որ Հայաստանի ներկա իշխանությանն այս անբովանդակ «խաղաղության» քարտ-բլանշն ու միջազգային աջակցությունը տրվել են շատ կոնկրետ պայմաններով և շատ կոնկրետ գնի դիմաց։ Եվ այդ գինը, ինչպես նա նշում է, ներկայացվելու է ԱԺ ընտրություններից հետո և ներկայացվելու է Հայաստանին։ Հենց այս հանգամանքն է, որ դարձնում է խորհրդարանական ընտրություններով իրավիճակը փոխելը այսքան կարևոր։

Քաղաքական մեկնաբանն ընդգծում է, որ Փաշինյանի հայտարարությունը, թե «աղետաբեր պատերազմ է լինելու, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստանա խորհրդարանում», պարզ շանտաժ է հասարակությանը։ Սա, նրա խոսքով, վկայում է այն մասին, որ իշխանությունները համոզված են, որ իրենց մատուցած անբովանդակ «խաղաղությունը» չի ընկալվում հասարակության կողմից։

«Մարդիկ հասկանում են, որ ոչ մի խաղաղություն էլ չեն բերել, պարզապես իրավիճակն է հանգել այս կետին, այն էլ՝ Հայաստանի միակողմանի զիջումների գնով, ընդ որում՝ դա էլ հաջողվել է, որովհետև ուղեկցվել է միջազգային իրավիճակի փոփոխությամբ, այլապես Հայաստանի զիջումներն անգամ նույնիսկ այս անբովանդակ խաղաղությունը չէին բերելու։ Այս ամեն ինչը հասկանալով է, որ գնում են շանտաժի, որովհետև եթե տեսնեին, որ հասարակության մոտ կա այդ համոզմունքը, որ իսկապես բերել են երկարատև ու կայուն խաղաղություն, իրենք շանտաժի չէին դիմի։ Իրենք շանտաժի են դիմում, որովհետև տեսնում են՝ մարդիկ ամենևին համաձայն չեն այն ամենի հետ, ինչ մատուցվում է իշխանության քարոզչությամբ»,- մեկնաբանեց Հակոբ Բադալյանը։

Նա հատկապես ուշադրություն է հրավիրում ՔՊ-ի՝ ԱԺ ընտրություններում «սահմանադրական մեծամասնություն» ձգտելու վրա, նշելով, որ Փաշինյանը, փաստորեն, ինչ-որ այլ նշաձող է սահմանում, ոչ թե պարզ մեծամասնություն։

«Պարզ մեծամասնությունը՝ ընտրողների ձայների 51 տոկոսը, բավարար է իշխանությունը պահելու համար, և դու ձևավորում ես կառավարություն՝ առանց կոալիցիայի անհրաժեշտության։ Սահմանադրական մեծամասնությունը թույլ է տալիս սահմանադրական օրենքներ ընդունել, և այստեղ հիշում ենք, թե ինչ պահանջներ ունի Ալիևը։ Այլ խոսքերով՝ էս մարդը դեռ պետք է կատարի պահանջներ և պայմաններ»,- ասաց նա։

Ըստ վերլուծաբանի՝ Փաշինյանն իր սոցցանցային մարտահրավերներով փորձում է առաջիկա ընտրություններում իր հիմնական մրցակիցներին ներքաշել «բանավեճի» մեջ՝ փորձելով իր ոճով առավելություն ստանալ նրանց նկատմամբ։