ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո կազմակերպված լրագրողների հետ հանդիպման ընթացքում հստակ հերքել է նախկին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը, որը վերաբերում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքում նոր մարտական դիրքերի տեղակայմանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ։
Վարչապետի խոսքով՝ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ «Կա հստակ քարտեզ, որը ցույց է տալիս, որ այդ պնդումները հիմնավորված չեն», – նշել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանում խաղաղություն է։
Փաշինյանը նաև հարց է բարձրացրել նման տեղեկությունների տարածման հետ կապված՝ հրահրելով լրագրողներին ուշադրություն դարձնել այն իրավիճակներին, որտեղ իրականում կա լարվածություն։ «Որտե՞ղ կա պատերազմ, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում, պայթյուն և այլն, լուսաբանեք, իմանանք՝ որտեղ կա այդ ամենը», – հարցրել է վարչապետը։
Անդրադառնալով անհետ կորածների հարազատների հետ իր հանդիպումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բազմիցս հանդիպել է նրանց հետ և պատրաստ է շարունակել այդ հանդիպումները։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ այդ հանդիպումները պետք է ունենան հստակ նպատակ և օրակարգ։