Պարկինսոնի հիվանդության թաքնված ախտանշանները․ Ի՞նչ է պետք իմանալ

Մեծահասակներին բնորոշ հիվանդությունների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Պարկինսոնի հիվանդությունը։ Ի՞նչ է այն, ո՞ր դեպքում է առաջանում, և կարո՞ղ է դրա զարգացումը կանխել։ Այս հարցերի պատասխանները փնտրել ենք «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանի հետ։

Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը

Պարկինսոնի հիվանդությունը քրոնիկ, նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որը հանգեցնում է վաղ հաշմանդամության։ Այն ազդում է մարդու շարժողական համակարգի վրա։ Ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ տառապում է մոտ 10 միլիոն մարդ, և գնալով աճում է դրա տարածվածությունը՝ կանխատեսումներով 2040 թվականին հասնելով 20 միլիոնի։

Ժառանգական է՞, թե՞ ձեռքբերովի

Պարկինսոնի հիվանդությունը բազմապատճառային է։ Դրա հիմնական պատճառը գլխուղեղում դոֆամինային նեյրոնների ախտահարումն է։ Դոֆամինը նեյրոմեդեատոր է, որը պատասխանատու է մեր շարժումների համար։ Գործոններ, որոնք կարող են ախտահարել այս նեյրոնները, կարող են լինել ինչպես ժառանգական, այնպես էլ ձեռքբերովի։

Մեր գլխուղեղում դոֆամինային նեյրոնների քանակը շատ քիչ է՝ ընդամենը 400-600 հազար, մինչդեռ ընդհանուր նեյրոնների թիվը հասնում է 80 միլիարդի։ Պարկինսոնի հիվանդության զարգացման համար բավական է, որ այս նեյրոնների 80 տոկոսը վնասված լինի։

Ինչպե՞ս է դրսևորվում

Հիվանդության դրսևորումները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ մոտոր (շարժողական) և ոչ մոտոր։

Ոչ մոտոր դրսևորումներ կարող են նախորդել մոտոր դրսևորումներին։ Դրանցից են՝

Քնի խանգարումներ․ հաճախ հիվանդները ունենում են քնի REM փուլի խանգարում, որի դեպքում գիշերը կարող են ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել, խոսել կամ շարժվել։
Ցավ․ հիվանդները կարող են ունենալ քրոնիկ ցավեր։
Միզարձակման խանգարումներ․ դրանք կարող են դրսևորվել որպես միզակապություն, անմիզապահություն կամ գիշերամիզություն։
Այլ դրսևորումներ․ դեպրեսիա, հոտառության կորուստ, փորկապություն, գունային տեսողության փոփոխություն։

Մոտոր դրսևորումներ ավելի ճանաչելի են և ներառում են՝

Դող․ հիվանդության ամենատարածված նշաններից մեկը։
Բրադիկինեզիա․ շարժումների դանդաղացում։
Կարկամություն․ մկանների ճկվածություն, որը դժվարացնում է շարժումները։
Կեցվածքի փոփոխություն․ մարմնի դիրքի և հավասարակշռության խանգարում։
Դեմքի արտահայտվածության կորուստ (հիպոմիմիա)․ դեմքը դառնում է «մասկավոր»։
Խոսքի դժվարացում․ խոսքը դառնում է ավելի ցածր, անհասկանալի։
Ձեռագրի փոփոխություն (միկրոգրաֆիա)․ գրությունը դառնում է ավելի մանր ու անհասկանալի։

Ի՞նչ կարող է նպաստել հիվանդության զարգացմանը

Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է մի շարք գործոնների ազդեցության դեպքում․

Մետաբոլիկ խանգարումներ․ ճարպակալում, երկրորդ տիպի շաքարային դիաբետ։
Գանգուղեղային տրավմաներ։
Փորկապություն։
Դեպրեսիա։
Այլ հիվանդություններ․ ինսուլտներ, հակափսխումային դեղերի օգտագործում, թմրանյութերի օգտագործում։
Սրտխառնոցի դեմ դեղորայք․ որոշ դեղամիջոցներ կարող են նպաստել շարժողական խանգարումների առաջացմանը։
Նյութափոխանակության խանգարումներ․ օրինակ՝ ծանր մետաղների (պղինձ, երկաթ) կուտակումը։
Արյան բարձր ճնշում և աթերոսկլերոզ։

Կանխարգելո՞ւմ է հնարավոր

Սոֆիյա Խաչատուրյանը նշում է, որ եթե հիվանդությունը զարգացել է, կանխարգելել այն հնարավոր չէ։ Բուժման նպատակը հիվանդի կյանքի որակը բարելավելն է։

Ի՞նչ է պետք անել

Եթե 65 տարեկանից բարձր եք և նկատում եք վերը նշված ախտանշաններից որևէ մեկը, հատկապես ասիմետրիկ դրսևորումներ (օրինակ՝ մի կողմի ձեռքը ավելի շատ դողում է), անհրաժեշտ է դիմել բժշկի՝ ճշգրիտ ախտորոշում և անհրաժեշտ բուժում ստանալու համար։

Պարկինսոնի հիվանդության բուժումը սիմպտոմատիկ է։ Դեղորայքային բուժման հիմնական միջոցը Լևոդոպան է, որը փոխարինում է գլխուղեղում պակասող դոֆամինին։ Բացի դեղորայքային բուժումից, կարևոր է նաև ֆիզիոթերապիան, վարժությունները և ճիշտ սննդակարգը։