Վաղ առավոտից իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Գյուլագարակ քաղաքում՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի Լոռու մարզի պատգամավորի թեկնածուներ՝ Վրույր Այվազյանի և Անդրանիկ Գևորգյանի տներում։ Խուզարկությունները տարածվել են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Դավթյանի և Արսեն Միկոյանի բնակարաններում։
Խուզարկության ընթացքում առգրավվել են կուսակցության անդամների և տան մյուս բնակիչների հեռախոսները, համակարգիչները և փաստաթղթերը։
Իրավապահների գործողությունների պատճառը, ինչպես տեղեկացվել է, 2025 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում տեղի ունեցած իրադարձությունն է։ Ըստ պաշտոնական տվյալների, այդ օրը տարբեր անձանց ստիպել են մասնակցել Սամվել Կարապետյանի հավաքին՝ բռնության սպառնալիքներով և նյութական օգնություն տրամադրելու միջոցով։
Գյուլագարակ և Ստեփանավան համայնքներում իրականացված խուզարկությունների արդյունքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի տարել են քննչական բաժին՝ որպես վկաներ։ Նրանց հարցաքննությունից հետո բաց են թողնվել։ Իրավապահների խուզարկությունները շարունակվել են նաև Լոռվա մարզի Օձուն համայնքում։