Երևանը կընդունի Ուկրաինայի նախագահին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում

Հայաստանը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ մասնակցելու մայիսի 4-5-ը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՓՀ) գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուզրույցի ընթացքում։

Այս այցը, որը կատարվում է ԵՓՀ-ի շրջանակում, դուրս է զուտ արարողակարգային դաշտից և ունի բազմաշերտ քաղաքական նշանակություն։ Հայաստանի կողմից Զելենսկու ընդունումը, ամենայն հավանականությամբ, ընկալվելու է ոչ թե որպես չեզոք դիվանագիտական քայլ, այլ որպես որոշակի աշխարհաքաղաքական ազդակ։ Այն կարող է դիտարկվել որպես Հայաստանի՝ արևմտյան հարթակներին ավելի տեսանելի ինտեգրման հերթական դրսևորում։

Հայաստանը փորձում է ցուցադրել «բազմավեկտոր» արտաքին քաղաքականություն՝ չխզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ակտիվացնելով, խորացնելով քաղաքական կապերը եվրոպական կառույցների և Արևմուտքի հետ։ Այս ձգտումները արժանացել են Մոսկվայի մի շարք ուղերձների, ազդակների, զգուշացումների, իսկ այժմ արդեն՝ տնտեսական «պատժամիջոցների» նմանվող քայլերի։

Հետևաբար, եթե Երևանը փորձում է ներկայացնել այցը որպես բազմակողմ հարթակի շրջանակում նորմալ դիվանագիտական շփում, Մոսկվան դա մեկնաբանելու է, որպես քաղաքական հեռացման հերթական դրսևորում։ Վերջին տարիներին արդեն նկատվում է վստահության ճգնաժամ Երևանի և Մոսկվայի միջև։ Զելենսկու այցը կարող է խորացնել այդ ընկալումը, հատկապես ռուսական մեդիա-դիսկուրսում։

Այս պայմաններում Ռուսաստանի արձագանքը կարող է ունենալ կոշտ բնույթ՝ հատկապես հռետորաբանության և քաղաքական ազդակների մակարդակում։

Այնուամենայնիվ, այս այցը չի առաջացնի հայ-ռուսական հարաբերությունների կտրուկ խզում, սակայն այն կդառնա հերթական ազդակը՝ խորացող անվստահության և աշխարհաքաղաքական տարբեր վեկտորների բախման գործընթացում։

Հայաստան է սպասվում մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մայիսի 3-5-ը Հայաստանում կլինի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը կմասնակցի ԵՓՀ-ի գագաթնաժողովին, ինչից հետո կմեկնարկի նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն։