Խաղաղության երաշխիքը՝ շահավետությունը, ոչ թե պայմանական երաշխավորները

Արարատ Միրզոյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարը, ԱԺ-ում կայացած նիստի ընթացքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցին՝ հատկապես ընդգծելով երաշխավորների դերի կարևորությունը։ Նախարարը նշել է, որ խաղաղության երաշխիքը ոչ թե պայմանական երաշխավորների, այլ խաղաղության շահավետության մեջ է։

«Ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել և չեն գործել, և հաճախ, հետաքրքրաբար կան չակերտավոր խաղաղություններ, որոնք չեն գործել և խախտողները եղել են երաշխավորները»,- ասել է նա՝ նշելով, որ երաշխավորները հաճախ իրենց շահերը են առաջնորդում՝ խախտելով խաղաղության պայմանները։

Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ իրական խաղաղությունները մնում են, քանի դեռ դրանք շահավետ են խաղաղության կողմերի համար։ «Եթե և քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի համար և շահավետ կլինի այս դեպքում Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել»,- ընդգծել է նախարարը։

Նա նաև նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հասարակական մտածելակերպը դեռևս հեռու է լիարժեք հաշտեցումից։ «Սա հեշտ ճանապարհ չէ, ոչ ոք չի կարող պնդել, որ հեշտ է, բայց մենք հաստատակամորեն պետք է շարժվենք այս ճանապարհով և մի օր, հուսով եմ, կունենանք վերջնական, այդ թվում նաև հոգեբանական հաշտեցում երկու հասարակությունների միջև»,- եզրափակել է նախարարը՝ նկատելով, որ երկու երկրների իշխանությունների և հասարակությունների մոտ թշնամության և ագրեսիայի մակարդակը աստիճանաբար նվազում է։