Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադարձավ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին, որտեղ վարչապետը ընդդիմության ընտրողներին «շուն ու շանգյալ» անվանել էր։ Իրավապաշտպանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը և գործողությունները, իր կարծիքով, խորհրդանշում են ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ներկայիս կարգուկանոնի խախտումը։
Իշխանյանի խոսքով՝ «Բաքվի բանտերում բանտարկված է աշխարհի կարգուկանոնը»։ Նա այս արտահայտությունը մեկնաբանում է որպես միջազգային իրավունքով ինքնորոշված Արցախի ղեկավարության բանտարկում։
«Այս տղան էրդողանա-թալեաթական ռասիստական ու հակահայկական տեքստերն այստեղ ասում է, ընդ որում՝ սա ոչ միայն հայերին է վերաբերում», — նշեց Իշխանյանը՝ ավելացնելով, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններով հանձնում է նաև Իրանին և Թուրքիային, ինչպես նաև հանձնում է ժողովրդավարությունը՝ Արցախը Ալիևին հանձնելով։
Իրավապաշտպանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ «եթե ժողովուրդը որոշի, որ պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլու կկանգնեմ գնդակահարության պատի տակ»։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում մահապատիժը վերացված է 2001 թվականից, և արդարադատությունը որոշում են դատարանները, ոչ թե ժողովուրդը։ «Այսինքն՝ ինքը սահմանադրախախտ է ու տեղյակ չէ, որ Հայաստանն իրավական պետություն է», — եզրափակեց Իշխանյանը։