Քարոզարշավի մեկնարկին մնացել են հաշվարկելի օրեր, և այս պահին հայտնի է դարձել, թե առաջադրված ուժերը քվեաթերթիկներին ո՞ր համարներով կներկայանան։ Թեև համարը քվեաթերթիկի վրա գտնելու համար ոչինչ չի փոխում՝ քաղաքացիները պետք է 19 թերթիկի միջից գտնեն իրենց նախընտրելի ուժի անվան տակ գտնվող քվեաթերթիկը, դնեն այն ծրարի մեջ և գցեն քվեատուփը։
Սակայն ընտրությունն իրականում կատարվում է ոչ թե համարների, այլ երկու հստակ ուժերի, երկու գաղափարների և երկու իրողությունների միջև։ Խնդիրը պարզ է․ արդյո՞ք մարդիկ գոհ են 8 տարի իշխած, երկրին այսքան աղետ բերած իշխանությունից, թե՞ դժգոհ են։
Եթե գոհ է, ապա ընտրում է այն խմբակին, որը, իբրև «ազգակործան պատուհասներ», շարունակելու է պաշտոնավարել՝ իր հետևանքներով բոլորովին։ Իհարկե, ոչ ոք չի բացառում, որ կարճ ժամանակ անց այս վիճակը նույնիսկ «երանի տալու» լինի։ Եթե գոհ է, ապա կարող է անգամ չգնալ ընտրության կամ գնալ և ընտրել ՔՊ-ին։
Եթե, սակայն, գոհ չէ և չի ուզում, որ երկիրը կառավարվի սոցիալական ցանցերի հրահանգներով, վախենա Արցախ բառն արտասանելուց և Արարատ սարը բոլոր նկարներից ջնջելուց, եթե չի ուզում թշնամու բոլոր պահանջները կատարվեն և մեր ազգը վերածվի անհայրենիք ու անհիշողություն խառնամբոխի, ապա գնում է և ձայն է տալիս 4 առաջատար ուժերից որևէ մեկին։
Այս դիլեման, եթե ավելի պարզունակացնենք, պայքար է երկու հիմնարար արժեհամակարգերի միջև․ ա՞զգ, թե՞ «որտեղ հաց, այնտեղ կաց»։ Անվտանգությու՞ն, բանակ, միասնական ու համերաշխ հանրություն, թե՞ 10 հազար դրամ թոշակ։ Արժանապատվությու՞ն, ինքնիշխանություն, թե՞ անվճար վիրահատություն։ Դարավոր թշնամու հետ համակեցությու՞ն՝ արդեն բուն Հայաստանի տարածքում, թե՞ եղած-մնացած այս մի կտոր Հայաստանի պաշտպանություն օտարի ասպատակություններից։
Ավելի պարզ ասած, ուզում ենք Փաշինյանն ու իր թիմակիցները շարունակե՞ն խաբել մեզ և սին խոստումներով կերակրել, կամ հերթական ձախողումից հետո հայտարարեն՝ «մենք մեղավոր չենք, մեզնից ոչինչ կախված չէր» (օրինակ՝ Սյունիքը նախկինները հանձնել են), թե՞ արդեն սրանք խաբելու ռեսուրս չունեն, մենք էլ՝ խաբվելու։
ՀՀ իշխանությունների կողմից ընդունված որոշումների և գործողությունների արդյունքում երկրի անվտանգության և ազգային շահերի պաշտպանությունը հաճախ թուլացել է, իսկ անձնական շահերը դրվել են պետական բյուջեի և իշխանական վայելքների վրա։
Այսպիսով, ընտրողը պետք է հարց տանի ինքն իրեն․ սրանք ընդունակ են մեր երկրի անվտանգությունն ապահովել և թուրքադրբեջանական զավթողական պլաններին դիմակայել, թե՞ նրանց իշխանություն պետք է պետական բյուջեն մսխելու, աշխարհով մեկ շրջագայելու և իշխանական մյուս վայելքներից օգտվելու համար։