Հայկական տարազը ոչ միայն հագուստ է, այլ մեր հազարամյակների պատմության, մշակույթի և ազգային ինքնության խորը արտահայտությունն է։ Ինչպիսի՞ն էր այն, ինչ փոփոխությունների է ենթարկվել, և ինչու՞ է այն այսօր այնպիսին, ինչպիսին է։ Այս հարցերին պատասխանելու համար զրուցել ենք ազգագրագետ, դիզայներ Վահե Քոթանյանի հետ։
Արևմտահայկական և արևելահայկական տարազների առանձնահատկությունները
Պատմական հանգամանքների արդյունքում հայկական տարազը դիտարկվում է երկու հիմնական խմբերով․ արևմտահայկական և արևելահայկական։ Դրանց միջև եղած տարբերությունները խորապես ծածկված են ոչ միայն աշխարհագրական, այլև մշակութային և հավատալիքային տարբերությունների մեջ։
Արևմտահայկական տարազախումբը, որը ներառում է Կարինի, Վանի, Այնթապի և այլ տարածաշրջանների տարազները, բնորոշվում է ասեղնագործության մեջ ավելի ծավալուն, մասշտաբային նախշերի կիրառությամբ։ Իսկ Արևելյան Հայաստանում, ինչպիսիք են Բարձր Հայքը և Սյունիք-Արցախը, զարդարման հիմնական միջոցը զարդերն են՝ ոչ թե հագուստի վրա ասեղնագործված, այլ հիմնականում շարժական, որոնք կրվում էին որպես զարդեր։
Տարազի բաղադրիչները և դրանց խորհուրդները
Սյունիք-Արցախյան տարազախումբը հատկապես հետաքրքիր է իր բազմազանությամբ։ Այստեղ կրում էին ոչ միայն շարժական զարդեր, այլև անշարժ, որոնք ամրացված էին հագուստին։ Կրծքային հատվածում կրում էին խողովականման զարդաձևեր, որոնք թևքերին ձևավորում էին եռանկյունի։ Թևքերի վրա ամրացված էին բոժոժ կախիկներ, որոնք խորհրդանշում էին չարխափանություն և պտղաբերություն։ Այս հագուստը կոչվում էր «երեք փեշքանի», քանի որ ունեցել էր երեք կտրվածք՝ երկու առջևում և մեկ հետևում։
Արևմտյան Հայաստանում ասեղնագործությունը բնորոշ էր իր կոմպոզիցիոն դաշտով, գունային համադրությամբ և նախշազարդման յուրահատուկ դիզայնով։ Կարևոր է նշել, որ հայկական տարազի ստեղծման մեջ մեծ դեր ունեին ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ։ Բարձր Հայքում, օրինակ, ոսկեթել քուղակար ասեղնագործությունը բացառապես տղամարդկանց աշխատանք էր, քանի որ այն պահանջում էր բարձր որակավորում և ոսկու հետ աշխատելու հմտություն։
Տարազի ծագումը և նշանակությունը
Վահե Քոթանյանը նշում է, որ հայկական տարազի յուրահատուկությունը ծնվել է կնոջ և տղամարդու սիրո արդյունքում։ Ըստ նրա՝ եթե աշխատանքի մեջ սեր չի լինում, ոչինչ անել չես կարող։ Հայ ժողովուրդը հենց այդ սիրով, այդ նրբությամբ է պահպանել իր մշակույթը։
Տարածաշրջանային տարբերություններ
Յուրաքանչյուր գավառ ունեցել է իր բնորոշ տարազը, ինչը հաճախ հանդես է գալիս որպես ինքնության և տարբերակման միջոց։ Օրինակ, օժիտի մեջ դրվող ասեղնագործությունը մայրերն ու աղջիկները գիշերն էին անում՝ հարևաններից թաքցնելով, ինչը վկայում է մարդկանց ցանկության մասին առանձնանալու և իրենց մշակութային ժառանգությունը պահպանելու։
Տարածաշրջանները նույնիսկ ասեղնագործության դպրոցներով էին տարբերվում։ Օրինակ՝ Վան-Վասպուրականում ընդունված էր «Վանի կար» ասեղնագործությունը, իսկ Այնթապում՝ այլ տեսակի։ Կարևոր էին նաև հավատալիքային մոտիվները, գունային ընկալումը և ռելիեֆային պայմանները։ Սասունցու հագուստը, որը պետք է պաշտպաներ ցուրտից, ավելի շատ մորթու կիրառությամբ էր, իսկ Կարինի տարազը՝ ավելի թեթև և շքեղ էր։
Կտորներն ու գույները
Հայկական լեռնաշխարհում կտորի արտադրությունը տեղական էր, և յուրաքանչյուր տարածաշրջան արտադրում էր իր հատուկ կտորը։ Օրինակ՝ Սասունի տարածաշրջանում կտորը լվանում էին՝ ստանալով ամուր «թաղիք», իսկ Վան-Վասպուրականում տարածված էր «մանուսա» կտորը՝ զոլավոր գունային համադրությամբ։
Գույների կիրառությունը նույնպես տարածաշրջանից էր կախված, բայց գերակշռում էր կարմիրը, որը համարվում է պտղաբերության գույնը։ Արցախին բնորոշ են կանաչն ու կարմիրը, որոնք խորհրդանշում են ամուսնական միությունը։ Բարձր Հայքում կարմիրը և կապույտը, որոնք թավիշով էին արվում, ստեղծում էին անհամադրելի, բայց միևնույն ժամանակ նրբաճաշակ գեղեցկություն։
Տարազի նշանակությունը և ժամանակակից դերը
Վահե Քոթանյանը նշում է, որ հայկական տարազը ոչ միայն հագուստ էր, այլև մարդու օրգանիզմի պաշտպանություն, էսթետիկայի միջոց և սոցիալական դերի ցուցիչ։ Այն կարող էր ցույց տալ ամուսնացած լինելը կամ ոչ, ինչը հիմա դժվար է հասկանալ առանց մատանու։ Ճակտաշարի մեջ մետաղադրամների քանակը կարող էր ցույց տալ ընտանիքի կացությունը։
Այսօր, երբ խոսքը հայկական մշակույթի պահպանման մասին է, տարազը հանդես է գալիս որպես ամենաձեռնալից և հզոր միջո