Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի՝ ապրիլի 2-ի, ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ իր թիկնապահը 18-ամյա տղայի ծնոտին հարվածել էր։
Վարչապետը նշեց, որ պետական պահպանության ծառայողը, տեսնելով իր պահպանյալի անվտանգությանը սպառնացող վտանգ, իր պարտականությունն է ուժ կիրառելը։ Նա նաև հավելեց, որ ծառայողը կարող է անհրաժեշտության դեպքում զենք գործադրել։
«Եթե պետական պահպանության աշխատողը չկատարի իր աշխատանքը, նրա դեմ կարող է քրեական գործ հարուցվել, և ինքը կհայտնվի դատարանում՝ ծառայողական պարտականությունները չկատարելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ծառայողի գործողությունները պետք է գնահատվեն համատեքստում՝ հաշվի առնելով իր պարտականությունները և պահպանվող անձի անվտանգությունը։
Վարչապետը նաև նկատեց, որ ծառայողը, գործողություն կատարելիս, չի կարող գիտակցել, թե դիմացինը 18 տարեկան է, թե ունի առողջական խնդիրներ։