Այսօր՝ մարտի 19-ին, Երևան քաղաքի բնակչուհի Աիդա Մխիթարյանը բողոքի ակցիա է կազմակերպել Կառավարության շենքի դիմաց։ Նրա խոսքով՝ ինքն աշխատում է Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնում, որտեղ վերջին երկու ամիսների աշխատավարձը չի ստացել։
«Երբ անցած տարվա նոյեմբերին ես բողոքի ակցիա էի արել Կառավարության դիմաց՝ պահանջելով տան տանիքի վերանորոգման համար ծածկեր տրամադրել, որպես 3-րդ կատեգորիայի հաշմանդամ և անապահով քաղաքացի, դա առիթ է դարձել, որ Շենգավիթի կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանը և պատասխանատուն՝ Լյուդվիգը, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ինձ բացակա են դնում և աշխատավարձս չեն տալիս։ Բացի այդ, նրանք ինձ 2 անգամ են զրկել պրեմիայից»,- ասել է Աիդա Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ երբ նա գնացել է աշխատավարձը պահանջելու Սերգո Սարգսյանի սենյակ, որտեղ ներկա էին նաև ուրիշ աշխատակիցներ, նրան անպատիվ խոսքեր են ասել և ծեծել։
Աիդա Մխիթարյանը հայտնել է, որ դեպքի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։