«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Լևոն Բաղդասարյանը հարցին՝ ի՞նչ շանսեր ունեն իրենց կուսակցությունը խորհրդարան անցնելու, այսպես պատասխանեց․ «Մեր նպատակը նա չէ, որ տեղեր վերցնենք, այլ օրենքի ուժով ստեղծենք արժանապատիվ Հայաստան և արժանապատիվ քաղաքացի»։
Նա հայտնեց, որ կուսակցության վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է։ Հարցին՝ նա չունի՞ արգելք, եթե իրենց ուժն անցնի խորհրդարան, գալո՞ւ է Հայաստան, Լևոն Բաղդասարյանը նշեց․ «Պարոն Ղուկասյանն իրավունքի ուժով իրավունք ունի ընդգրկվելու պատգամավորական ցուցակում և լինել վարչապետ։ ՀՀ-ում բազմաթիվ են նախադեպերը՝ ինչպես երկրորդ, այնպես էլ չորրորդ նախագահի դեպքում»։
Բաղդասարյանը նաև հստակեցրեց, որ իրենց կուսակցությունը համարում է, որ բացառապես միասնական ուժերով է հնարավոր ստեղծել արժանապատիվ Հայաստան։ Նրա խոսքով՝ նրանք վերապահում են համագործակցությունը նախկին և ներկա քաղաքական գործիչների հետ։ «Քանի վերջիններս չեն գիտակցել իրենց մեղքը և հրապարակային չեն բարձրաձայնել, չեն ապաշխարել և չեն ենթարկվել պատասխանատվության, մենք նրանց հետ չենք համագործակցի»։