Հայտնի բժիշկ, սրտաբան Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ միացել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին, որը գլխավորվում է Գագիկ Ծառուկյանի կողմից։
Իր որոշումը բժիշկ Խաչատրյանը բացատրում է երկրի առջև կանգնած լուրջ մարտահրավերներով։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը պահանջում է համախմբում և համատեղ ջանքեր, որոնք այլևս չեն կարող դիտարկվել որպես պարզապես քաղաքական հարց։
«Սա այլևս քաղաքականություն չէ։ Սա մեր կյանքի ու մահու հարցն է», – նշել է նա՝ ծրագիրը համարելով «փրկության փարոս»։
Խաչատրյանը նշել է, որ իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայրենիքին։ «Իսկական բժիշկը երբեք չի կարող անմասն մնալ մարդկային ցավին ու հայրենիքի ճակատագրին», – ընդգծել է նա՝ հավելելով, որ իր որոշումը պայմանավորված է նաև իր բժշկական կոչման պատասխանատվությամբ՝ մարդկային կյանքեր փրկելու և երկրի բարօրությունն ապահովելու առաքելությամբ։
Բժիշկը վստահություն է հայտնել, որ միասնական ջանքերով հնարավոր է հասնել «երազանքի Հայաստանի» կառուցմանը։ Նրա խոսքով՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը համապարփակ է, ներառում է երկրի զարգացման հիմնական ուղղությունները՝ անվտանգությունից մինչև տնտեսություն, և տրամադրում է հնարավորություն յուրաքանչյուրին մասնակցել՝ ներդնելով իր մասնագիտական կարողությունները։