Ի՞նչ Ստալին, այ փորձանք… նա ո՞ւր էր, երբ Պատկանյանը «Վարդապետարան Հայաստանը ազատիւթեան» գործն էր գրում։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ նսեմացնելով հայ ազգային գաղափարախոսությունն ու ազգային նահատակությունը, անամոթաբար մեր հայրենասիրության մոդելի հեղինակ է հռչակում Ստալինին։

Չժխտելով Ստալինի պատմական դեմք լինելու հանգամանքն ու նրա ծանրակշիռ դերը Երկրորդ աշխարհամարտի հաղթանակում, որն ի դեպ արձանագրել ու բարձր են գնահատել թե՛ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն, ու թե՛ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ես նշում եմ, որ հայոց հայրենասիրության մոդելը եղել է թե՛ մինչև ԽՍՀՄ-ի ստեղծումը, և թե՛ դրանից հետո։

Արդյո՞ք Փաշինյանը ծանոթ է Ռափայել Պատկանյանի, Րաֆֆու, Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի, Հովհաննես Քաջազնունու, Լևոն Շանթի և այլոց աշխատություններին։ Կարծում եմ՝ ոչ։ Կամ եթե նույնիսկ ծանոթ է, ապա չի ընկալել, քանի որ հակառակ պարագայում դժվար թե նման անգրագետ բան հայտարարեր ԱԺ ամբիոնից։

Իսկ եթե նպատակը եղել է ստվեր գցել ու նսեմացնել Խորհրդային Հայաստանի հայրենասիրության մոդելի վրա, ապա պետք է նշեմ, որ այստեղ ևս թերացել է։ Խորհրդային Հայաստանում 1943-ին բացվեց գիտությունների ազգային ակադեմիան, զարգացավ հայագիտությունը։ Հատորներով հայագիտական ու պատմգիտական գրականություն էր հրատարակվում։ Բացվեց Սարդարապատի հուշահամալիրը, որը խորհրդանշում էր հայ ժողովրդի 1918-ի մայիսյան փառավոր հաղթանակը զավթիչ թուրքերի նկատմամբ։

Ի վերջո, Խորհրդային Հայաստանը ստեղծվեց որպես մոտ 800 հազար բնակիչ ունեցող գյուղատնտեսական երկիր, իսկ 1980-ականների վերջին Խորհրդային Հայաստանն արդյունաբերական երկիր էր ու 3.5 մլն բնակչությամբ հանրապետություն էր։ Հերի՛ք է նսեմացնեց Խորհրդային Հայաստանում կայացած սերնդի դերը։ Այդ սերունդը կերտեց Հայոց Երրորդ Հանրապետությունն ու Արցախյան շարժումը։ Այդ սերունդը Շուշի է ազատագրել, որը դու հանձնել ես։

Դու ատում ես ոչ թե Ստալինի «ժառանգությունը», այլ մեր Երրորդ Հանրապետությունն ու Արցախյան հերոսամարտը։ Բայց դու պարտվելու ես։ Պարտվելու ես, ու Հայկը կհաղթի ոսոխ Բելին։