Հայաստանը պետք է օգտվի իր իրավունքից՝ տեսակցելու Բաքվում պահվող հայ գերիներին

Հայաստանը պետք է իրականացնի իր պետական պարտավորությունը՝ տեսակցելու Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ինչը հանդիսանում է երաշխավորված իրավունք, ոչ թե պայմանավորվածություն կամ բանակցություն։ Այս մասին հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը «Հայաստանի ձայները» կոնֆերանսում։

Խնդիրը, որը վերաբերում է վիզաների ստացման և անվտանգ սահմանահատման գործընթացներին, բազմիցս բարձրաձայնվել է հրապարակային, սակայն դրական արձագանք դեռ չի ստացվել։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ ընտանիքների անդամները պատրաստ են մեկնել Բաքու՝ տեսակցելու իրենց հարազատներին, սակայն առանց պետական մակարդակում երկխոսության և երաշխիքների դա անհնար է։ Նա համեմատեց այս իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխայցելություններին, որոնք հաջող էին իրականացվել պետական մակարդակում երկխոսության շնորհիվ։

«Մենք կարծում ենք, որ այս մոդելը պետք է գործարկվի նաև ընտանիքների իրավունքների իրացումն ապահովելու համար»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ աշխատանքները շարունակվում են, և իրենց համար առավել կարևոր է ՀՀ իշխանությունների արձագանքը։

Նա նաև անդրադարձավ անկախ փաստաբանների հասանելիության խնդրին՝ նշելով, որ որևէ օտարերկրյա փաստաբան առ այսօր հնարավորություն չի ունեցել կապի որևէ միջոցով քննարկել իր գործը Բաքվում պահվող պատանդների հետ։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող թողնել իր քաղաքացիներին միայնակ օտարերկրյա պետության փակ հաստատություններում, հատկապես այն պայմաններում, երբ նրանք զրկված են անկախ վերահսկողական մեխանիզմներից։

Համաձայն Սահակյանի, ՀՀ-ն կարող է օգտվել իր իրավունքից՝ տեսակցելու Բաքվում պահվող պատանդներին նաև միջնորդավորված եղանակով։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում դա հնարավոր է իրականացնել Բաքվում հավատարմագրված չեզոք երկրի դիվանագիտական կառույցի միջոցով։ Օրինակ, որպես այդպիսի երկիր կարելի է դիտարկել Շվեյցարիան կամ սկանդինավյան երկրները։ Ըստ Սահակյանի՝ իրենք պաշտոնապես դիմել են այս երկրներին, որոնք պատրաստ են հանձնառել այս այցելությունները՝ պայմանով, որ ՀՀ-ն օգտվի իր սուվերեն իրավունքից։

Ամփոփելով իր խոսքը, Սիրանուշ Սահակյանը նշեց, որ 2026թ․ փետրվարյան ադրբեջանական դատավարությունների առնչությամբ Հայաստանի Հանրապետությունը չի իրականացնելու գործընթացներ, որոնցով հնարավոր կլինի ապալեգիտիմացնել դատավարությունների իրավաքաղաքական հետևանքները։