«Արա, լսի, այ տղա, կգոռամ. Փակեք փողոցը»․ Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց

Ազգային ժողովի շենքի դիմաց այսօր՝ ապրիլի 23-ին, 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում իրավիճակը լարվեց։

Ակցիայի մասնակիցներից մեկը պահանջեց ոստիկաններից մեկ րոպեով փակել Բաղրամյան փողոցը՝ ի հիշատակ զոհված զինվորների։ Նա դիմելով ոստիկաններին ասաց․ «Արա, լսի, այ տղա, կգոռամ ես, սրան նայի։ Ասում եմ՝ մի րոպեով փակեք»։

Ակցիայի մասնակիցները պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Նրանք նախապես դիմել էին Ազգային ժողովի պատգամավորներին՝ իրենց պահանջները լսելու և քննարկելու համար։

Մեծաթիվ ոստիկանական ուժեր շղաթ էին կազմել, որպեսզի ակցիայի մասնակիցները փողոց դուրս չգան։ Բաղրամյան փողոցի մի կողմը արդեն իսկ փակված էր, և ակցիայի մասնակիցները պահանջում էին փակել նաև մյուս գոտին։

Այս ակցիան անհետ կորած զինծառայողների հարազատների կողմից կազմակերպված բազմաթիվ բողոքի ակցիաներից է, որոնք սկսվել են 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Նրանք պնդում են, որ պետությունը պարտավոր է բացահայտել պատերազմի ընթացքում տեղի ունեցած բոլոր հանգամանքները և հրապարակել հանձնաժողովի զեկույցը՝ ապահովելով անհետ կորած զինծառայողների ճակատագրի մասին ճշգրիտ տեղեկատվություն։