Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ՔՊ) «մարսելու» կամ «ուտելու» միակ հնարավորությունը ընդդիմության կողմից կատարված կոնսոլիդացիան է, այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը։
Նրա կարծիքով՝ եթե ընդդիմադիր ուժերը չկարողանան համատեղել իրենց ջանքերը և գործել մեկ ուժի սկզբունքով, ապա ՔՊ-ն կլինի անհաղթելի։
Ադիբեկյանը նշեց, որ ընդդիմության հաղթանակի հիմնական գրավականը ընտրություններին մասնակցող ընտրողների 50 տոկոսից ավելիի մասնակցությունն է։ Նրա խոսքով՝ ցանկացած ընտրողի մասնակցությունը նվազեցնում է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա իր 51 տոկոսը կամ սահմանադրական մեծամասնությունը ձեռք բերել։
Սոցիոլոգը նաև կանխատեսեց, որ եթե իշխող կուսակցությունը զգա, թե չի կարողանում հաղթել, ապա կձգտի կազմակերպել քաղաքացիական բախումներ՝ իր իշխանությունը պահպանելու համար։ Ադիբեկյանը նշեց, որ այս պայքարը ոչ թե խաղաղության կամ երկրի ապագայի մասին է, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգության և գոյության հարցի մասին։
Փորձագետը նաև անդրադարձավ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշմանը՝ նշելով, որ այդ երկրների համար իրականում միևնույն է, ով կառավարի Հայաստանը, քանի որ նրանք կարծում են, որ արդեն ապահովել են իրենց ազդեցությունը և «բուֆերային կոնֆիգուրացիան», որը փոփոխության ենթակա չէ։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը նրանց համար ցանկալի է, բայց ոչ պարտադիր։