Պետությունը պարտավոր է աշխատել, անկախ վարչապետի քաղաքական դիրքորոշումից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «մեր յուղի մեջ պիտի տապակվենք» հայտարարությանը արձագանքելով՝ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների առումով գործողությունները պետք է կատարվեն ոչ թե վարչապետի ցուցման հիման վրա, այլ՝ Սահմանադրությամբ սահմանված մեխանիզմների շրջանակում։

Ըստ իրավաբանի՝ քրեական հետապնդման մարմինները՝ քննչական կոմիտեն և գլխավոր դատախազությունը, պարտավոր են իրենց լիազորություններով գործել՝ անկախ նրանից, թե վարչապետը որպես բանակցող կողմ ցանկանում է, թե չի ցանկանում հետամուտ լինել այդ հարցին։

Ղազարյանը նշում է, որ եթե հանցագործություն է տեղի ունեցել, ապա համապատասխան մեխանիզմը պարտավոր է աշխատել։ Նրա խոսքով՝ եթե մինչեւ հիմա վարույթ չի հարուցվել, դա ինքնին հանցագործություն է։

Իրավաբանի կարծիքով՝ վարչապետի հայտարարությունը քաղաքական դիրքորոշում է, որը պետք է առանձնացնել իրավական գործընթացներից։ Նա պնդում է, որ եթե խոսքը վերաբերում է 2020, 2022 կամ 2023 թվականներին ՀՀ տարածքում կատարված հանցագործություններին, ապա արդեն պետք է լինեին իրավական հետևանքներ, քրեական գործի քննությունն ավարտված լիներ, և Մինսկի կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանին պետք է հրավիրված լիներ համագործակցության։

Ղազարյանը նաև նշում է, որ Նիկոլ Փաշինյանի նման դիրքորոշումը խոչընդոտ է միջազգային համագործակցությանը և խրախուսում է նորանոր հանցագործություններ։ Նրա խոսքով՝ հասարակությանը տեղեկատվություն չի տրվում՝ Իշխանասարի կամ Ջերմուկի դեպքերով վարույթների ընթացքի մասին, և հստակ չէ, թե արդյոք հաստատվել է, որ հանցագործությունները կատարել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ։