ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտարարել է, որ «Պատերազմի եռագլուխ կուսակցության» ուժերը, որոնք, նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիներին «շուն ու շանգյալ» և «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն Ազգային Ժողով մտնելու անցողիկ շեմը։
Վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու հերթական դեպքի վերաբերյալ ապրիլի 16-ին հրապարակված նոր ձայնագրությանը և դրանում կիրառված բառամթերքին։
«ՀՀ քաղաքացիները պետք է իրենց քվեարկությամբ իրենց վերաբերմունքն արտահայտեն և պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերին իրենց ընտրությամբ բրենդավորեն «շուն ու շանգյալ» և դուրս շրտեն Հայաստանի ներքաղաքական կյանքից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այս հայտարարությունը հաջորդում է վարչապետի նախորդ հայտարարություններին, որոնցում նա քննադատում էր ընդդիմության ներկայացուցիչներին՝ նրանց մեղադրելով խաղաղության գործընթացներին խոչընդոտելու և հասարակության մեջ վախ ու անվստահություն սերմանելու մեջ։