Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) օրերս ոչ մրցութային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով խոշոր գնում է կատարել «Արտ լանչ»-ից, որի իրավաբանական անվանումը «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ է։
Սա այս ընկերության հետ ՆԳՆ-ի առաջին խոշոր համագործակցությունն է, ինչպես նշված է էլեկտրոնային գնումների հարթակում։ Ըստ պայմանագրի՝ ՆԳՆ-ն «Ռեդի-Սթեդի»-ից գնել է 160 միլիոն դրամ արժողությամբ ճաշարանների կառավարման ծառայություններ։ Ծառայությունները մատակարարվելու են մարտի 7-ից մինչև դեկտեմբեր 29-ը ներառյալ։
«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն գրանցվել է 2002 թվականից, իսկ պետական գնումներում հայտնվել՝ 2017 թվականից։ 2018 թվականից սկսած՝ ընկերությունը դարձել է ակտիվ պետական գնումների մասնակից՝ իրականացնելով 100 միլիոնավոր դրամների հարյուրավոր պայմանագրեր պետական տարբեր գերատեսչությունների հետ։
Հարկ է նշել, որ «Ռեդի-Սթեդի»-ի գործունեությունը արդեն իսկ արձանագրվել է որպես խնդրալի։ Դեռ 2021 թվականին Հաշվեքննիչ պալատը նշել էր, որ ընկերությունը դատապարտյալների սնունդը պատրաստել է ՔԿՀ-ների միջոցների հաշվին։
«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Բակուր Մելքոնյանի կնոջը՝ Գայանե Մարգարյանին։