Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի է ունեցել արվեստագետ Վրեժ Քասունուի «Նստվածք» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Սա հեղինակի գեղանկարչական աշխատանքների առաջին անհատական ցուցադրությունն է, որը համադրել է Սոնա Հարությունյանը։
Ցուցահանդեսը նվիրված է հիշողությունների եւ ապրումների թողած «նստվածքների» թեմային։ Քասունին նշել է, որ իր աշխատանքները ոգեշնչված են եղել Զիգմունդ Ֆրոյդի եւ Ալբերտ Էյնշտեյնի փիլիսոփայական մտքերից, որոնց համաձայն՝ բոլոր նստվածքները, ժամանակի ընթացքում, վերածվում են արվեստի։ Ըստ հեղինակի՝ նրա ստեղծագործությունները նաեւ ոգեշնչված են եղել գրող Ֆրանց Կաֆկայի ստեղծագործություններով։
Ցուցադրության կենտրոնում է ագռավը։ Վրեժ Քասունին բացատրել է, որ ընտրել է հենց այս կերպարը, քանի որ ագռավը համարվում է ամենաերկարակյաց կենդանիներից մեկը եւ ունի հիշողություն։ Ներկայացված աշխատանքները ստեղծվել են 2019-ից մինչեւ 2026 թվականներ։
Ցուցահանդեսին իր մի քանի նկարով մասնակցում էր նաեւ Վրեժ Քասունուի 7-ամյա որդին։
«Նստվածք» ցուցահանդեսը կտևի մինչեւ մայիսի 4-ը։