«Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել է հաղորդակցական ենթակառուցվածքների հարցին՝ նշելով, որ Հայաստանը ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։

«Կա ընկալում, որ կարող է ձգձգում լինել, բայց դա ոչ թե մեր ցանկությունն է։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք այս խնդիրը լուծել՝ րոպե առաջ, քանի որ այն ֆունդամենտալ կարևոր է մեր երկրի ապագայի համար»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է Կոռնիձոր-Երասխ երթուղու միջոցով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը։ Ըստ վարչապետի՝ այս առաջարկը հիմնված է այն փաստի վրա, որ Հայաստանը ներկայումս արդեն օգտվում է Ադրբեջանի երկաթուղային ցանցից։

«Մենք չենք ուզում, որ մեր օգտվելը լինի միակողմանի։ Մենք ուզում ենք, որ մեր քայլն ունենա իր պատասխանը»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ այս երթուղին ակնհայտորեն առավելագույնս արդյունավետն է, քանի որ այլ պատրաստ ճանապարհներ չկան։ Երասխի հատվածում կարող է անհրաժեշտ լինել մի փոքրիկ վերանորոգում, սակայն նույնիսկ առանց դրա այսօր էլ տրանսպորտային միջոցները կարող են անցնել այդ ուղղությամբ։ Ըստ անհրաժեշտության՝ հնարավոր է ապահովել նաև Իջևան-Ղազախ հատվածով կապը։

Վարչապետը նկատել է, որ այս առաջարկը հատկապես կարևոր է Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում, որոնք կարող են ազդել հարավային ուղղությամբ կապի վրա։