Այսօր, ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բաց է մինչև ժամը 20։00։ Ինստիտուտի գիտաշխատող և նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երկու օր առաջ տեղի է ունեցել նոր ցուցադրության բացումը։
«Սա նոր ցուցադրություն է, որի վրա մենք աշխատում էինք դեռ նախորդ տարվանից։ Թեև մտածում էինք, որ չենք հասցնի, բայց հաջողացրինք ավարտել։ Ցուցադրության անվանումն է՝ «Վավերագրելով Հայոց ցեղասպանությունը»։ Նախորդ տարի մենք ներկայացրեցինք համաշխարհային վավերագրողների աշխատանքները, իսկ այս տարի՝ հայ վավերագրողների, ովքեր 1930-40-ական թվականներին ցեղասպանության վերաբերյալ փաստեր էին հավաքում»,- նշեց Սուրեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ցուցադրությունը, ամենայն հավանականությամբ, կմնա մինչև մյուս տարվա ապրիլի 24-ը, ինչը սովորաբար նշանակում է, որ այն կշարունակվի մինչև հաջորդ տարվա ապրիլի 24-ը։
Հարցին՝ արդյո՞ք այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտել է թանգարան-ինստիտուտ, Սուրեն Մանուկյանը պատասխանեց՝ «Որքանով ես տեղյակ եմ, չի մտել։ Դե գիտեք, որ ինքը գալիս է, ճանապարհը փակում են, դրա համար մի փոքր ուշ ենք եկել աշխատակիցներով։ Մի քանի տարի գալիս էի՝ չէին թողնում, որ բարձրանայինք, այդ պատճառով այս տարի մի քիչ ուշ եկա, որ չառնչվեմ այդ իրավիճակին։ Բայց դատելով նկարներից՝ չի այցելել։ Պարզապես եկել է հուշահամալիր և գնացել»։
Սուրեն Մանուկյանը նաև նշեց, որ թանգարանը այսօր ունի բավականին մեծ հոսք՝ շատ հայտնի մարդիկ են այցելել։