Հայաստանը պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա՝ թողնելով անցյալի ծանր պատմությունը, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին ընդառաջ կայացած հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ երկիրը գտնվում է շրջադարձային պահի, որը սահմանվում է երկու հիմնական ուղղություններով՝ խաղաղության ամրապնդմամբ և ռազմավարական վերադասավորմամբ։ Նրա խոսքով՝ «այժմ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ են», և այս իրականությունը ոչ թե խորհրդանշական հայտարարություն է, այլ ավելի է ընդգծվում «այս խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու» մտադրությամբ։
Միրզոյանը այս զարգացումը դիտարկում է ավելի լայն պատմական տեսանկյունից՝ նշելով, որ «տասնամյակներ շարունակ շրջափակման մեջ» գտնվելուց հետո Հայաստանը ձգտում է վերաիմաստավորել իր տարածաշրջանային դերը։ Նա ընդգծել է, որ խոսքը մրցակցության մասին չէ, այլ Հարավային Կովկասի ապաշրջափակման մասին՝ դարձնելով երկիրը Եվրոպան և Ասիան կապող «Միջին միջանցքի ամենակարևոր օղակը»։ Այս տեսլականը հնարավոր է դարձնելու համար ծրագրվում են «մեծածավալ ենթակառուցվածքների՝ երկաթուղիների, էլեկտրացանցերի, նավթի և գազի խողովակաշարերի» ստեղծման լայնածավալ ծրագրեր։
Նախարարը խոստովանել է, որ 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դաժան ներխուժումը և բռնազավթումը թողել է «պատերազմի վերքեր», սակայն շեշտել է ապագայի նկատմամբ նպատակասլաց ազգային շրջադարձի անհրաժեշտությունը։ «Հեշտ չէ մոռանալ, և անհրաժեշտություն չկա մոռանալու։ Մենք, իհարկե, կհիշենք։ Բայց մենք նաև պետք է վերլուծենք, որ մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում»,- նշել է նա։
Միրզոյանը նաև ընդգծել է երկրում բացվող հնարավորությունները՝ նշելով, որ Հայաստանում կան «նոր հնարավորություններ, ենթակառուցվածքներ, արհեստական բանականություն, տվյալների կենտրոններ, ժամանակակից դպրոցներ, կրթություն, համալսարաններ»։
Նրա խոսքով՝ երկրի զարգացմանը զուգահեռ, ներքին և արտաքին քաղաքական դաշտում առաջնահերթ է ժողովրդավարական և հասարակական բաղադրիչների ամրապնդումը։ Նա նշել է, որ Հայաստանի քաղաքացիները «ամուր աջակցում են խաղաղության օրակարգին» և «ունեն եվրոպական ձգտումներ»՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը դիտարկելով որպես քաղաքական ուղղություն և հանրային ընտրություն։
Արարատ Միրզոյանը նաև ներկայացրել է տարածաշրջանային միջավայրի իր գնահատականը՝ նշելով, որ Ադրբեջանի հետ հաստատված նոր խաղաղությանը զուգահեռ կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «շատ արդյունավետ երկխոսությունը», Վրաստանի հետ կապերը բնութագրել է որպես «փայլուն» և «եղբայրական», իսկ Իրանի հետ հարաբերությունները՝ որպես «շատ նորմալ հարևանական հարաբերություններ»։
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին նախարարը հանդես է եկել ավելի զգուշավոր ձևակերպումներով՝ ընդունելով «Ռուսաստանի դերի վերաբերյալ հիասթափությունը», սակայն միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը «անկասկած» չի ձգտում հակամարտության և նպատակ ունի պահպանել «նորմալ բարեկամական հարաբերությունները»։
Նախարարը վերջում ընդգծել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա՝ նշելով, որ Հայաստանը չի ցանկանում, որպեսզի ՌԴ-ն փորձի չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում։