«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հարցազրույցում անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանը, նշել է, որ այս քայլը, թեև համընկնում է նախընտրական շրջանի հետ, իրականում պայմանավորված է տնտեսական որոշակի աճով։
Այսօր վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան մինչև 10 հազար դրամով։ Ցածր կենսաթոշակները (մինչև 40 հազար դրամ) կբարձրանան 10 հազար դրամով, իսկ բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ չափով։
Պատգամավորի խոսքով՝ թոշակների բարձրացման հարցը քննարկվել և հաշվարկվել է իշխանությունների մոտ։ Այն հնարավոր դարձավ տնտեսական ցուցանիշների որոշակի բարելավման և նոր ֆինանսական հոսքերի շնորհիվ։
«Մենք չենք կարող մեր գործողությունները պայմանավորել ընդդիմության գործողություններով։ Տնտեսական որոշակի աճ կա, նոր հոսքեր կան։ Մենք այս պահին ունեինք թոշակները վերանայելու խնդիր, թող դա լինի նախընտրական։ Շատ քայլեր կան, որ պատրաստ ենք անել, բայց փորձում ենք հապաղել խուսափելու համար նման մտքերից։ Ընտրություններից հետո բազմաթիվ քայլեր ունենք անելու»,- նշել է Բադալյանը՝ հավելելով, որ իր համար կարևոր է, որ թոշակառուները կուրախանան այս բարձրացումից, անկախ այն բանից, թե ընդդիմադիրները ինչ կասեն։
Պատգամավորը նաև հավելել է, որ այս իրադարձությունը, իր կարծիքով, պարզապես ժամանակային համընկնում է։