Ընդդիմությունը Հայաստանը մատաղ անելու խմբեր է գործուղել, իսկ Սերժ Սարգսյանի պնդումը մանիպուլյատիվ է․ Էդգար Առաքելյան

Քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է մի շարք արդիական հարցերի՝ մանրամասն կերպով վերլուծելով ներկայիս քաղաքական իրավիճակը և ընդդիմության գործողություններին առնչվող հարցերը։

Նրա խոսքով՝ ընդդիմության կողմից գործուղված խմբերը ոչ թե պետականության և սուվերենության ընկալում ունեն, այլ Հայաստանը համարում են տարածք, որի վրա ապրում է ժողովուրդ։ «Այս խմբերը գործուղվել են Հայաստան՝ իրենց նեղ անձնական կամ բիզնես շահերից ելնելով՝ Հայաստանը մատաղ անեն կոնկրետ մարդկանց ոտքերի կամ սապոգների տակ», — նշել է նա։

Առաքելյանը քննադատել է նաև ընդդիմության որոշ անդամների գործողություններ։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված տեսաուղերձին, որտեղ նա հրավիրում էր Մակրոնին հանդիպելու, վերլուծաբանը նշել է, որ նման դիմումը պետք է ուղղված լիներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ նրա կողմից էր կախված 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքը և դրանից հետո տեղի ունեցած զարգացումները։ «Ոսկեղենիկ ռուսերենով թող դիմեր Պուտինին, քանի որ նրանից էին կախված 44-օրյա պատերազմի արդյունքները», — ընդգծել է Առաքելյանը։

Քաղաքական վերլուծաբանը հերքել է նաև Սերժ Սարգսյանի այն պնդումը, թե եթե նա շարունակեր մնալ Հայաստանի ղեկավարը, պատերազմ չէր լինի։ «Մանիպուլյատիվ թեզը հերքվում է նրանով, որ 2016 թվականին Սերժ Սարգսյանը իշխանության էր, և պատերազմ եղավ», — ասել է նա՝ նշելով, որ նման պնդումները հիմնված են անճշտության վրա։

Առաքելյանը նաև անդրադարձել է ընտրակաշառքների վերաբերյալ իրավապահների բացահայտումներին՝ նշելով, որ նախկինում մարդկանց հասցրել էին մի վիճակի, որտեղ ամեն 5 տարին մեկ ձայները գնում էին։ «Այնուամենայնիվ, ընտրակաշառք վերցնելը դավաճանություն է», — ընդգծել է նա։

Վերլուծաբանը հատկապես կարևորել է հունիսի 7-ին տեղի ունեցող ընտրությունները՝ դրանք բնութագրելով որպես մեր երկրի լինել-չլինելու մասին որոշում։ Նրա խոսքով՝ եթե ընտրություններում հաղթանակի է հասնում ընդդիմությունը, ապա Արցախի ճակատագրի նման ճակատագիր է սպասում նաև Հայաստանին։ «Եթե այս մարդիկ գան իշխանության, Արցախի պես Հայաստանը հանձնելու են», — նախազգուշացրել է Առաքելյանը։