«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության համախմբման ջանքերին և «Ժառանգության» դիրքորոշմանը այդ գործընթացում։
Ըստ նրա՝ կուսակցությունը ջանք չխնայեց՝ ստեղծելու մեծ կոնսոլիդացիոն լուծում, որը կդառնար ընդդիմության հզոր դաշինք։ Այդ նպատակով «Ժառանգությունը» բանակցություններ էր վարում տարբեր ուժերի հետ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ՝ նպատակ ունենալով ստեղծել ընդհանուր, մեծ ուժ, որի մաս կկազմեր «Ժառանգությունը»։
Այնուամենայնիվ, այդ համախմբումը տեղի չունեցավ։ Բանակցությունների ընթացքում «Ժառանգությունը» իրենց հաջողության բանաձևն էր առաջարկում, որն ունեցել էր արժեքային, ծրագրային և գաղափարական հիմք։ Սակայն, ինչպես նշում է Րաֆֆի Հովհաննիսյանը, քննարկումների ավարտին ընդհանուր հայտարարի չեն հասել։ Նրա խոսքով՝ հավանաբար, տարբեր չափումների կամ ուսումնասիրությունների արդյունքում, ընդդիմության այլ ներկայացուցիչները որոշել են գնալ «ավելի փոքր, տեխնիկական դաշինքով»։
«Ժառանգության» հիմնադիրը նաև նշել է, որ Սամվել Կարապետյանի շուրջ հավաքված շարժումը, որն ի սկզբանե ունեցել էր «համազգային հեռանկար», հետագայում դարձավ կուսակցականացված։
«Ժառանգությունը» դեմ հանդիման գալով այն իրականությանը, որ ընդդիմության բաժանվածությունը կարող է հանգեցնել քվեների փոշիացման, որոշեց զորակցել Կարապետյանի շուրջ հավաքված այդ շարժմանը։ Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կուսակցությունը ձգտում էր մեծ միասնության, որը կբարձրացներ ընտրություններում հաղթելու հավանականությունը։ Նա նաև հավելեց, որ «Ժառանգությունը» դրանից «չնեղացավ»։