Հարուցվել է հանրային քրեական հետապնդում երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ 1 տարեկան երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնության և մարտի 15-ին կյանքից զրկելու դեպքերի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։
Ըստ դատախազության հաղորդագրության՝ մեղադրյալը 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար ֆիզիկական ներգործություն է գործադրել երեխայի նկատմամբ՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ։
Երեխայի քեռին՝ Գևորգը, Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք տեղեկացված չեն եղել երեխայի վրա բռնության մասին։ «Մեզ ներկայացրել են այն, ինչը դրական է եղել։ Եթե իմանայի՝ ծեծում են երեխային, ես իմ մարդ կարգավիճակով թույլ չէի տա պարզապես։ Էդ ուռճացված խոսակցություններ են», — ասաց նա։
Նրա խոսքով՝ երեխայի վրա երբևէ վնասվածք չեն նկատել։ «Մենք մտածել ենք՝ նորմալ ընտանիքում է երեխեն, նորմալ պայմաններում է ապրում։ Դեպքից մի ամիս առաջ եմ տեսել երեխուն, բերել էին մեր տուն, ցույց տվեցին, մենք ինչ իմանայինք՝ սենց է լինելու։ Բլբլում էր երեխեն, ակտիվ, տարօրինակ բան չենք նկատել վարքում»։
Գևորգը նաև հայտնել է, որ դեպքից հետո չի խոսել երեխայի հոր հետ։ «Շատ հարցերի պատասխան դեռ պետք է տա, բայց չեմ կարողանում հետը կապվել»։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Արարատի մարզում տեղի է ունեցել արտառոց դեպք, որի արդյունքում երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Բժիշկները կարողացել են վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, սակայն նա դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։