Երգչուհի Մաշա Մնջոյանը՝ Նադեժդա Սարգսյանի «խիստ դպրոցի» մասին

Հայկական շոու-բիզնեսի ոլորտում հաջողություն ձեռք բերելու համար պետք է ունենալ ոչ միայն տաղանդ, այլև անսահման համառություն և պրոֆեսիոնալիզմ։ Երգչուհի Մաշա Մնջոյանը «Ռանդևու» հաղորդման ընթացքում խոստովանել է, որ երբեք իր առջև նպատակ չի դրել դառնալ «ամենապահանջված» կամ «ամենաթոփ» արտիստը։ Նրա կարծիքով՝ հայկական շոու-բիզնեսի շրջանակները սահմանափակ են, իսկ «առաջին» և «երկրորդ» հասկացությունները՝ հարաբերական։

«Ես երբևէ չեմ փորձել մտնել այդ մրցակցության մեջ, որովհետև իմ ընտրած ժանրն արդեն իսկ ամենապահանջվածներից չէ Հայաստանում, և դա շատ բան է ասում»,- նշել է երգչուհին։

Մաշան խոսել է նաև իր կարիերայի և պրոֆեսիոնալ աճի վրա մեծ ազդեցություն ունեցած անձի մասին։ Նրա հիշողություններում հատուկ տեղ է գրավում հայ երգարվեստի լեգենդ Նադեժդա Սարգսյանը, ում հետ անցկացրած տարիները նա անվանում է «կոփող և ձևավորող դպրոց»։

Նրա խոսքով՝ Նադեժդան ոչ միայն ուսուցիչ էր, այլև խիստ մեթոդաբանությամբ առաջնորդվող բեմի մարդ, ով իր սաներին սովորեցնում էր բեմում լինել «զինվոր»։ «Եթե դու բեմում ես՝ պետք է անես ամեն ինչ, անկախ հանգամանքներից։ Դա ինձ մնացել է մանկությունից մինչև այսօր»,- նշել է Մաշան։

Նա առանձնացրել է նաև Նադեժդայի հայտնի սկզբունքը՝ պատրաստվել ոչ թե 100 տոկոս, այլ 120, որպեսզի բեմում կարողանաս ցույց տալ գոնե 90 տոկոսը։ Երգչուհին հիշում է, որ փորձերի ընթացքում Նադեժդան չափազանց խիստ էր, սակայն բեմ բարձրանալուց առաջ միշտ աջակցում ու ոգևորում էր։

Ամենաբարձր գնահատականը, որը տալիս էր Նադեժդան, եղել է՝ «3, նստի՛ր», որը, ըստ Մաշայի, իրականում մեծ գնահատական էր։ Նա նաև ընդգծել է, որ այդ մեթոդը բոլորի վրա նույն կերպ չէր ազդում․ «Ես այն մարդկանցից եմ, որ կարող են ընկճվել։ Երբեմն այնքան էի նեղվում, որ երկար ժամանակ չէի ուզում երգել»։

Չնայած դժվարություններին՝ Մաշա Մնջոյանը մեծ երախտագիտությամբ է հիշում այդ փուլը։ Նրա խոսքով՝ հենց այդ խիստ դպրոցն է ձևավորել իր պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվության զգացումը բեմի հանդեպ։ «Վերջում մնում է այն, ինչ քեզ տվել են։ Եվ ես դրա համար շատ շնորհակալ եմ»։