Ադրբեջանը գտել է նոր ձևաչափ՝ ինչպես ընդլայնի իր տարածքը Հայաստանի հաշվին

Ադրբեջանը, ինչպես ցույց է տալիս իր վերջին գործողությունները, մշակել է նոր ռազմավարություն՝ իր տարածքային նպատակները Հայաստանի Հանրապետության հաշվին իրագործելու համար։ Այս գործընթացը, որը ներկայացվում է որպես սահմանազատման գործընթաց, իրականում առանց կրակոցների զավթման նոր փուլ է, որը կատարվում է Հայաստանի կառավարության համաձայնությամբ։ Այս տեսակետը հայտնեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ վերլուծելով Վրաստան-Հայաստան գազատարի ուղղությունը փոխելու որոշման հնարավոր հետևանքները։

Քաղաքագետի խոսքով՝ հայկական կողմի խնդրանքով Վրաստան-Հայաստան գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը տեղափոխելը ևս կարող է կապված լինել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի հետ և նոր զիջումների։

Հրանտ Միքայելյանը նկատում է, որ Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է այս ռազմավարությունը։ «Այսօր տեղի է ունենում հետևյալը՝ բոլոր այն ուղղությունները, որտեղ Հայաստանն առաջ է եկել, Ադրբեջանը պահանջում է ստանալ, իսկ այն ուղղությունները, որտեղ Ադրբեջանն է առաջ գնացել, ադրբեջանական կողմն, իհարկե, չի պատրաստվում տալ»,- մեկնաբանեց նա։

Քաղաքագետը նշեց Տավուշում Վերին Ոսկեպարը և մի քանի այլ գյուղեր հանձնելու ադրբեջանական պահանջը, ինչպես նաև Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հանձնումը 2021թ. սեպտեմբերին։ Ըստ նրա՝ սա սահմանագծում էր՝ առանց սահմանազատման։

«Ադրբեջանցիները, օրինակ, կարող են մի օր այդտեղ մտնել և ստեղծել արդեն ուղիղ կապ, և Ադրբեջանը կարող է զորք մտցնել ու կիսել Տավուշը։ Կա հյուսիսային հատված, կա հարավային հատված, իսկ Կիրանցով առաջխաղացումը և Վերին Ոսկեպարը, եթե իրենց վերահսկողության տակ վերցնեն, արդեն ամբողջությամբ կիսում են Տավուշի տարածքը»,- պարզաբանեց Հրանտ Միքայելյանը։

Նա նաև հիշեցրեց, որ 2020 թվականից հետո Ադրբեջանը առաջ է գնացել մոտ 220-250 կմ, զավթելով մեր գերիշխող բարձունքները։ Այս պահի դրությամբ ադրբեջանական զորքերը տեղակայված են 3200 մետր բարձրության վրա, մինչդեռ հայկական ուժերը՝ 2600 մետր բարձրության վրա, ինչը ստեղծում է խոցելիության ռիսկ։

Հրանտ Միքայելյանը նշեց, որ Ադրբեջանը ոչ միայն իր ռազմական դիրքերը է բարելավում, այլև Հայաստանի վիճակը վատթարացնում։ Նա նաև ընդգծեց, որ 1918-20թթ. «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն» կոչված էքստրեմիստական միավորման իրավահաջորդը համարող Ադրբեջանական Հանրապետությունը փաստացի տարածքային հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքի նկատմամբ։

Քաղաքագետը նաև անդրադարձավ սահմանազատման հիմք ընդունված 1975 թվականի ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզին, որը, նրա խոսքով, Ադրբեջանը փորձում է օգտագործել իր նպատակներին հասնելու համար՝ մոլորեցնելով հանրությանը «կադաստրի թղթի» և «միջազգայնորեն ճանաչված սահմանների» մասին հայտարարություններով։

«Իրավական ուժը գոյություն ունի միայն այն պարագայում, երբ կողմերը համաձայնության են եկել, միջազգային հանրությունը ճանաչել է, կան ուժային մեխանիզմներ, որոնք ապահովում են համաձայնության կատարումը։ Եթե բոլոր այս մեխանիզմներն առկա են, այդ պարագայում՝ այո, բայց եթե մենք տեսնում ենք, որ մի կողմն անընդհատ պարտադրում է, ապա պարզ է, որ ոչ մի խաղաղություն գոյություն չունի, և ոչ մի տարածքային սահմանազատում տեղի չի ունենում»,- եզրափակեց Հրանտ Միքայելյանը։