«Սրբազան պայքար» գործով պաշտպանը պահանջում է բացահայտել գաղտնալսումների իրավական հիմքերը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է «Սրբազան պայքար» շարժման մասին գործը, պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող նիստի ընթացքում ներկայացրել է միջնորդություն՝ պահանջելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչ իրավական հիմքերով են իրականացվել Բագրատ սրբազանի և այլ անձանց գաղտնալսումները։

Փաստաբանը նշել է, որ եթե իրավապահ մարմինները չեն ունեցել վարույթ նախաձեռնելու և անձանց գաղտնալսելու իրավական հիմքեր, ապա դրան հաջորդած բոլոր գործողությունները ևս ապօրինի են։

«Մենք բարձրացնում ենք շատ պարզ հարց՝ արդյո՞ք գործի նախաձեռնումը եղել է օրինական։ Իմ համար անհասկանալի է հանրային մեղադրողի այն դիրքորոշումը, թե պետք է նախ ապացույցները հետազոտել, ապա վերջում անդրադառնալ հիմքերին։ Բնականաբար, եթե իրավապահ մարմինները դատարանին չեն ներկայացնում համապատասխան տվյալներ, դրանց բացակայության պայմաններում գործի քննությունն ընդհանրապես դառնում է անիմաստ, և որևէ ապացույց չի կարող հետազոտվել։ Դատարանի, հանրային մեղադրողի և պաշտպանների աշխատաժամանակը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, ուղղակիորեն կախված են այն հանգամանքից՝ արդյո՞ք այս գործը կարող է շարունակվել։ Իսկ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումը հստակ է՝ տվյալները բավարար են եղել, թե ոչ։ Իրավական տեսանկյունից հանրային մեղադրողների մոտեցումն անհասկանալի է, իսկ քաղաքական հետապնդման տեսանկյունից՝ լիովին հասկանալի»,- նշել է Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել են Հայաստանում իրականացնել ահաբեկչական գործողություններ և քայլեր, որոնք ուղղված են եղել իշխանության զավթմանը։ Դրանից հետո նրա կալանքի ժամկետը պարբերաբար երկարացվել է։