Աշտարակում Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց արցախցի կնոջ հարցին՝ վերադարձի մասին

Այսօր Աշտարակում բնակիչների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց արցախցի կնոջ՝ Իրինայի հետ, որը խնդրեց խոսել։ Տիկինը, ցուցաբերելով խորը հավատարմություն և հարգանք, բարձր գնահատեց Ռոբերտ Քոչարյանի դերը որպես Հայաստանի երկրորդ նախագահ՝ նրան անվանելով «անհաղթ, անպարտելի, Արցախը հայկական պահող նախագահ»։

«Երբ լսում ենք ձեր խոսքերը, պարոն Քոչարյան, մեզ համար հավերժ, հզոր նախագահ, ավելի ենք ոգևորվում։ Վստահ ենք՝ վերադարձ լինելու է Արցախ, միայն ձեր շնորհիվ անպարտելի Քոչարյան»,- ասաց տիկինը՝ հավելելով, որ հավատում է արժանապատիվ խաղաղությանը, որը, իր համոզմամբ, կապահովվի Ռոբերտ Քոչարյանի օրոք։

Հանդիպման ամենահուզիչ պահերից մեկը տիկին Իրինայի հարցն էր՝ վերաբերյալ իրենց ընտանիքի և հարյուր հազարավոր արցախցիների վերադարձի հնարավորությանը։ Նա ուզում էր իմանալ, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը պատկերացնում այդ հնարավորությունը։

Պատասխանելով հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը նախ հստակեցրեց հիմնական պայմանը․ «Նախ, վերադառնալու համար պետք է ճանաչի այդ վերադառնալու իրավունքը։ Այսօր Հայաստանը՝ որպես պետություն, չի ուզում ընդհանրապես խոսել այդ թեմայի շուրջ։ Եթե չես ճանաչում վերադառնալու իրավունքը, ապա խոսել վերադառնալու իրավունքի մասին անիմաստ է»։

Նա շարունակեց․ «Առաջնային հարցը, որը մենք տեսնում ենք, վերադառնալու իրավունքի ճանաչումն է, որը միջազգային իրավունքից է բխում։ Դրանից հետո պետք է վերադառնալու պայմաններն ապահովվեն, որոնցից ամենակարևորը մարդկանց անվտանգությունն է։ Սա է տրամաբանությունը։ Եթե այդ տրամաբանության շրջանակներում մենք գործում ենք, ապա այդ հարցը հնարավոր է լուծել»։

Քոչարյանը նաև խոստովանեց, որ գործընթացը ժամանակատար և դժվար կլինի, սակայն հավատում է լուծմանը։ «Ես չեմ ուզում ավելորդ լավատեսություն հայտնել ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի դրվագներ են եղել, որ թվում էր, թե հարցն ընդհանրապես լուծում չունի, և աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է։ Եթե չես հավատում լուծմանը, այդ հարցը երբեք լուծում չի ստանում»։