Բրիտանական The Economist ամսագրի վերջին համարի շապիկը զարդարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանկարը, որտեղ նա պատկերված է զինվորական սաղավարտով, իսկ նրա աչքերին իջած է գնդակների ծանրությունը։ Ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ Իրանի դեմ Միացյալ Նահանգների արդեն երեք շաբաթ շարունակվող ռազմական գործողությունը «Էպիկական զայրույթ» անվանումից փոխել է «Կույր զայրույթի ռազմագործողության»։ Այս մասին հայտնում է իշխանամետ Turkiye պարբերականը։
Ըստ բրիտանացի վերլուծաբանների՝ Իրանի դեմ պատերազմը «կուրացրել է Թրամփին», ինչի հետևանքով նա կարող է միջազգային ասպարեզում կորցնել իր խոսքի նկատմամբ վստահությունը։ Հեղինակը նշում է, որ Թրամփի քաղաքականությունը «հարցերի տեղիք է տալիս անգամ նրա կուսակցության մի շարք հայտնի ներկայացուցիչների մոտ»։
Ամսագիրը վկայակոչում է այն փաստը, որ, չնայած իսրայելա-ամերիկյան հավաստիացումներին, թե Իրանի հրթիռային պաշարները գրեթե սպառված են, Իսրայելը և տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաները, ինչպես նաև նավթագազային ենթակառուցվածքները վերջին օրերին ենթարկվել են ավելի ինտենսիվ հարձակումների։
Այս իրադարձությունների համատեքստում հատկապես ուշագրավ են թուրք-ադրբեջանական, թուրք-պակիստանյան և պակիստանա-ադրբեջանական բարձր մակարդակի շփումները։ Մարտի 17-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կայացել են Թուրքիայի և Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի, Պակիստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները։
Այս շփումներին հաջորդել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հեռախոսազրույցը, ինչպես նաև Պակիստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը։ Բոլոր այս հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և «ընդգծել քաղաքական միջոցներով այն շուտափույթ լիցքաթափելու անհրաժեշտությունը»։
Թուրքական կողմը, ինչպես հայտնի է արևմտյան հեղինակավոր մամուլից, մերժել է Հորմուզի նեղուցի «ապաշրջափակմանը մասնակցությունը»՝ հայտարարելով, որ «հանուն Իսրայելի շահերի սպասարկման սեփական զինված ուժերը փորձության չի ենթարկի»։
Այս իրադարձությունները վկայում են այն մասին, որ Անկարան, Բաքուն և Իսլամաբադը նախապատրաստական քայլեր են ձեռնարկում՝ ստեղծելով «եռյակ դաշինք»։ Թուրքիան, կարծես, ձգտում է դիստանցավորվել Միացյալ Նահանգներից և ընդգծել «ինքնուրույն դերակատարի կարևորությունը»՝ փորձելով զերծ մնալ Իրանի «դահճի կերպարից»։