Հայկի երազանքը կատարվեց․ իր մահից հինգ տարի անց նա հայտնի է գրքով։

Հայկազ Մկրտչյանի մասին պատմող «Հայկը» գիրքը շնորհանդես տեղի ունեցավ երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Գիրքը, որը նվիրված է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինվորին, կազմված է նրա հարազատների, ընկերների, զինակից ընկերների, հրամանատարների եւ նրան ճանաչողների հիշողություններից։

Հայկազի մայրը՝ Աննան, պատմում է, որ իր որդու մահից առաջ, զորամասից բերեցին նրա պայուսակը, որի մեջ գտնված նոթատետրի էջում գրված էր մի նախադասություն․ «Գիրք եմ ուզում գրել, որ հայտնի դառնամ»։ Այդ նախադասությունը դարձավ Հայկազի քրոջ՝ Արեւիկի ապրելու եւ արարելու հիմնական շարժիչ ուժը։

«Ես Հայկին ճանաչում էի որպես եղբայր, բայց գրքի պատմություններից հետո Հայկին ճանաչեցի որպես աշակերտ, որպես ընկեր, որպես կրտսեր հրամանատար եւ աննահանջ կռվող զինվոր, ով իր կյանքի վերջին շունչը նվիրեց հայրենիքին»,- ասում է Արեւիկը՝ նշելով, որ գիրքը նպատակ ունի իր եղբորը ներկայացնել ոչ միայն որպես զինվոր, այլեւ որպես բազմակողմանի անձնավորություն։

Գրքում ներկայացված են նաեւ Հայկազի մարտական ուղու մասին փոքրիկ ֆիլմեր։ Հիշատակվում է նաեւ 44-օրյա պատերազմի օրերից մեկը, երբ Հայկազը, զանգահարելով իր մորը, ասել է․ «Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Ուզում ենք առաջ գնալ, չեն թողնում։ Մենք պետք է առաջ գնանք, ես չեմ ուզում Ղարաբաղն աչքիս առաջ կորցնեմ։ Լացս գալիս է»։

Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին։ Նա զորակոչվել է ՀՀ ԶՈՒ 2019 թվականի հունվարի 23-ին։ 44-օրյա պատերազմի ընթացքում նա մասնակցել է Ջրականի, Թաղավարդի, Դրախտիկի, Ազոխի, Կարմիր Շուկայի եւ պաշտպանական մարտերին։ Վիրավորվել է Կարմիր Շուկայում եւ ծնողների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 29-ին։ Նրա սիրտը դադարեց բաբախել 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ 12 օր կյանքի համար կռիվ տալուց հետո։