ՀՀ-ի իշխանությունները պայքարում են ոչ թե Սամվել Կարապետյանի հետ, այլ նրա պատկերի դեմ։ Այս մասին այսօր՝ դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները, փաստացի, ամեն ինչ անում են, որպեսզի Սամվել Կարապետյանը մնա տնային կալանքի տակ, սակայն նրանց ջանքերը անհաջող են։
«Մենք Քննչական կոմիտեին մի քանի նամակներ ենք ուղարկել՝ պահանջելով հաստատել, թե Սամվել Կարապետյանն իրավունք ունի հանդես գալ հայտարարություններով՝ իր դեմքով։ Պատասխանները դրական չեն եղել։ Նրանք պնդում են, որ իրենք իրավասու չեն դատարանի վճիռը մեկնաբանել։ Պատկերացնում եք՝ մարդը գնում է ընտրություններ, իր հիմնական մրցակցին, ումից վախենում է, նրա նկատմամբ բոլոր սահմանափակումները կիրառում է, բայց էլի չի կարողանում հաղթել»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա նաև նշեց, որ ՀՀ Արտաքին հետախուզության ծառայությունը, իրենց խոսքով, սլաքներն ուղղում է իրենց դեմ։
«Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է ութ-ինը ամիս։ Արտաքին հետախուզության ծառայություն ուրախ եմ, որ ունենք, սակայն այդ ծառայությունը միայն ներքին գործերի մասին է խոսում, դարձել է երկրի ներքին քաղաքական կյանքը մեկնաբանող կառույց։ Հուսամ՝ այդ կառույցը մեծ գործ ունի անելու ՀՀ-ում մեր հակառակորդ երկրների կողմից ազդեցության գոտիների ավելացման դեմ պայքարելու հարցում»,- ընդգծեց նա։
Նարեկ Կարապետյանը վստահեցրեց, որ ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ «Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, տնտեսական գործիչ, հաջորդ ղեկավարը Սամվել Կարապետյանն է»,- նշեց նա։
Նա հրաժարվեց խորհրդարանական ընդդիմության հետ կոնսոլիդացիայի մասին խոսել՝ հավելելով, որ հնարավոր է միայն արտախորհրդարանական ընդդիմության հետ համագործակցություն։