«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը համեմատության է ենթարկել այսօրվա և վաղվա Հայաստանը՝ խորհրդանիշների միջոցով

«Հաղթանակ» զբոսայգում կայացած հանրահավաքի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսելով քաղաքական վստահության խնդրի մասին, առաջարկեց համեմատել իշխանությունների ներկայացուցիչների անցյալը և ապագա ծրագրերը։

Նրա խոսքով, երբ այցելում են համայնքներ, հաճախ լսվում է, որ քաղաքական գործիչների նկատմամբ վստահության բացակայությունն ունի ռացիոնալ հիմք՝ նախկինում կատարված խոստումների չկատարման պատճառով։

«Այդ դեպքում մենք առաջարկում ենք ոչ թե անցյալի վրա կանգնել, այլ անցյալը համեմատել ապագայի հետ։ Ի՞նչ ճանապարհ են անցել մարդիկ, և ի՞նչ փոփոխություն են նրանք կատարելու»,- նշեց Նարեկ Կարապետյանը՝ ցույց տալով երկու խորհրդանիշ։

Նա բացատրեց, որ այսօրվա Հայաստանի խորհրդանիշը, իր կարծիքով, մուրճն է, որը, նրա խոսքով, «ճոճվում է ժողովրդի վրա»։ «Սա այսօրվա Հայաստանն է՝ ժողովրդին սպառնալը, նստեցնելը»,- ասաց նա։

Իսկ «Ուժեղ Հայաստանի» խորհրդանիշը, ըստ նրա, բահն է։ «Բահը շինարարության, կառուցելու մասին է։ Մեր երկրում հողատարածքների կեսը՝ 200 000 հեկտարը, անտեր է։ Ութ տարում 40 000 հեկտարն անտեր է մնացել։ Վաղվա Հայաստանը, ուժեղ Հայաստանը ծաղկացնելու է այդ հողերը, այդ գյուղերը կառուցելու է»,- եզրափակեց նա։