Մենք պետք է ունենանք նոր իշխանություն, որը կապահովի պետականության անկոտրումը

Հայաստանի ապագան, մեր ինքնությունը, իրավունքը և շահերը պահանջում են նոր իշխանություն, նոր կառավարություն, որը կհիմնվի ոչ միայն վիճակագրության վրա, այլև ոգու, խորը մտածողության և ընդդիմադիր գործընկերների նկատմամբ զսպվածության վրա, որը ներկայիս իշխանության կողմից կտրուկ խախտվում է։ Այս կարծիքը 168TV-ի «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ հիմնական խնդիրը հավաքական պատասխանատվության բացակայությունն է։ Մենք ունենք փորձառու և ունակ ղեկավարներ, սակայն մեր քաղաքական մշակույթում առկա է անհատապաշտության բարդույթ, որը հատկապես արտահայտվում է գործող իշխանության կողմից։ «Իրենք ասում են, թե միայն ես եմ, և եթե ես չլինեմ, չկա Հայաստան, չկա խաղաղություն, չկա պետականություն։ Սա ցույց է տալիս, որ այդ ասողն ինքն էլ չի հասկանում, թե ինչ է պետականությունը։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետություն՝ որպես պետականություն, չունենք»,- նշեց նա։

Հովհաննիսյանը նաև նկատեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը շարունակելու է օգտագործել պետության ակտիվները՝ իրենց շահերը պաշտպանելու համար, ինչը սահմանադրական մեծ խախտում է։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է մասնակցի ընտրություններին՝ ցանկանում ազատվել դեպրեսիայից, անտարբերությունից և կորստի ցավից։ «Մենք պիտի կարողանանք 60, 65, 70 % մասնակցությամբ բերել այնպիսի արդյունք, որ ունենանք այդ փոփոխությունը»,- ընդգծեց նա։

Ընդդիմադիր գործիչը նշեց, որ հիբրիդային սպառնալիքը ոչ միայն Ռուսաստանն է, այլև Ադրբեջանը, Թուրքիան, Եվրոպան և ԱՄՆ-ը, որոնք միջամտում են մեր ներքին գործերին։ Նրա կարծիքով՝ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ գտնվում է արհավիրքի շեմին և պետք է փոփոխություն բերել։

«Այս իշխանության վերարտադրումը բերելու է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, կամ էլ՝ առանց պատերազմի՝ Հայաստանի մասնատման։ Իրենց իշխանության օրոք մենք չենք ունենա Երևան և մարզեր, չենք ունենա Իրանի հետ սահման, Սևանա լճի արևելյան ափ, և յուրաքանչյուր հայ մարդ ուղղակի հարվածի տակ է լինելու»,- նախազգուշացրեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հարևան բռնապետներին ենթակա այս անձը պետք է փոխվի։

Նա նաև անդրադարձավ ընտրական քարոզարշավի ոճին՝ նշելով, որ Փաշինյանի կողմից օգտագործվող դաժանությունը պայմանավորված է պարտությունից վախենալու ստիպվածությամբ։ Ընդդիմության առջև խնդիրը, ըստ նրա, հստակ դիրքավորվելն է՝ ցույց տալով, որ նրանք Երրորդ Հանրապետության պահապաններն են։