Շիրակի սահմանամերձ գյուղի բնակիչները բողոքի են դուրս եկել դպրոցի փակման դեմ

Մեղրաշատ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ արտահայտելով իրենց անհամաձայնությունը Կրթության, գիտության և մշակութային արժեքների նախարարության (ԿԳՄՍՆ) որոշման հետ, որի համաձայն Շիրակի մարզի սահմանամերձ Մեղրաշատի միջնակարգ դպրոցը կփակվի։ Գյուղացիները վախենում են, որ դպրոցի փակումը կհանգեցնի գյուղի դատարկման։

Հիշեցնենք, որ 2026 թվականից սկսած՝ «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում նախատեսվում է փակել 48 դպրոց, որոնցից մեկը՝ Գյումրիում, իսկ մնացած 47-ը՝ սահմանամերձ և լեռնային գյուղերում։

Մեղրաշատցիները պնդում են, որ իրենց դպրոցը բավականին բարվոք վիճակում է։ Աշակերտների թիվը կազմում է 52, ուսուցիչներն ու կրթական որակը բարձր են։ Ծնողները նշում են, որ յուրաքանչյուր ուսումնական տարի իրենց դպրոցի աշակերտներից առնվազն 2-3 հոգի ընդունվում են բարձրագույն կրթարաններ։ Ըստ նախարարության որոշման՝ դպրոցը պետք է միանա հարևան Բյուրակն գյուղի դպրոցին, որը գտնվում է մոտ 2-3 կմ հեռու։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ ճանապարհը դժվարին է, և այդպիսի որոշում կայացնելը երեխաների կյանքի հետ խաղալն է։ Նա հստակ հայտարարել է, որ իր երեխային չի ուղարկի Բյուրակն։ Մյուս ծնողներն էլ նման դիրքորոշում են արտահայտել՝ հայտարարելով, որ կդադարեցնեն իրենց երեխաներին դպրոց ուղարկելը, եթե որոշումը չվերանայվի։

Գյուղացիների հիմնական մտահոգությունն այն է, որ դպրոցի փակումը կհանգեցնի գյուղի բնակչության կրճատմանը։ Նրանք կարծում են, որ դպրոցը սահմանամերձ գյուղի կյանքի հիմնաքարն է, և դրա փակումը կհանգեցնի գյուղի դատարկման։