ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում տիրող ավտորիտարիզմին, եւ այդ պատճառով հայկական կուսակցությունների միավորումը պահանջում է Եվրոպայից «տեր կանգնել իր իսկ արժեքներին»։ Այս հայտարարությունը հնչեցվել է այսօր Երեւանում, ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ։
Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ ՀՀԿ-ն եւ «Ժառանգություն» կուսակցությունը, Սոցիալիստների եւ Դեմոկրատների անդամ ՀՅԴ-ն, Եվրոպական պահպանողականների եւ բարեփոխիչների անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի անդամ ՀԱԿ-ը, ինչպես նաև Եվրոպական ազատ ալյանսի անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, համատեղ նամակով դիմել են Եվրոպական քաղաքական ընտանիքների ղեկավարներին՝ բարձրաձայնելով Հայաստանում տիրող իրավիճակը։
Նամակում մանրամասն նկարագրված է Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացները, Ադրբեջանում պահվող հայկական պատանդների եւ արցախահայության խնդիրները, ինչպես նաև Արցախում հայկական մշակութային եւ պատմական ժառանգության ոչնչացման ռիսկերը։
«Մենք օգտագործում ենք ԵՄ գագաթնաժողովի առիթը, ոչ թե որպես Փաշինյանի նախընտրական շոուին հետեւելու լուռ առիթ, այլ այդ առիթով նիկոլական նախընտրական խնջույքը՝ Հայաստանի մասին դառը ճշմարտությունը բարձրաձայնելու»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ նամակը պետք է փոխանցվեր ԵՄ ղեկավարներին։
Սակայն, նրա խոսքով, ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վասիլիս Մարագոսին եւ դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին չհաջողվեց անձամբ վերցնել նամակը։ Այն փոխանցվեց միայն անվտանգության ծառայության աշխատակիցների միջոցով։
«Ամոթ ԵՄ դեսպանին, որ անձամբ նամակը վերցնել չկարողացավ։ Եվրոպական դիվանագիտական ծառայությունը Հայաստանում ծառայում է Նիկոլին»,- հայտարարեց Աշոտյանը՝ մեղադրելով ԵՄ ներկայացուցչությունը՝ աջակցելու իշխանություններին։