Երևանի ավագանու նիստում, որտեղ քննարկվում էր մայրաքաղաքի 2025 թվականի բյուջեի կատարողականը, լարվածությունն է աճել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հստակ արձագանքել է ընդդիմադիր ավագանու անդամների քննադատություններին՝ պնդելով, որ նրանց գնահատականները չեն համապատասխանում իրականությանը։
«Իրականում, ընդդիմադիրները վիրավորվում են, երբ ասում ենք, որ իրենք ստի հիման վրա են գործում։ Երևանի քաղաքապետարանի 2025 թվականի բյուջեի կատարողականը եկամուտների մասով 109 տոկոս է, իսկ ծախսերի կատարողականը՝ 90 տոկոս»,- հայտարարել է Տիգրան Ավինյանը՝ հատուկ նշելով, որ նման ցուցանիշներ նախկին քաղաքապետերի օրոք երբեք չեն արձանագրվել։ Նա առաջարկել է ընդդիմադիրներին հիշել այս թվերը՝ ցույց տալով, որ իր կառավարման տարիներին ցուցանիշները զգալիորեն բարելավվել են։
Քաղաքապետը նաև ներկայացրել է իրականացված ծրագրերի մասին տվյալներ։ Ըստ նրա՝ միայն 2025 թվականին փոխվել է 500 վերելակ, իսկ վերջին տարիներին՝ ընդհանուր առմամբ 2560։ Նա նշել է, որ մայրաքաղաքում փոխարինման ենթակա է մնացել ևս 1822 վերելակ։
Բացի այդ, Ավինյանը նշել է լայնածավալ բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվել են քաղաքում։ Նրա խոսքով՝ վերանորոգվել են տասնյակ մանկապարտեզների բակեր, իսկ Նուբարաշենի աղբավայրը կարճ ժամանակում բերվել է կառավարելի վիճակի՝ նվազեցնելով հրդեհների վտանգը։ Նա նաև հավելացրել է, որ վերջին տարիներին քաղաքում տնկվել է շուրջ 25 հազար ծառ՝ ոռոգման համակարգերով։
Քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանը շեշտել է, որ բանավեճը միայն քաղաքային խնդիրների մասին չէ, այլ ունի նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Նա նշել է, որ ժողովրդի համար արդեն պարզ է, թե որ բևեռում են գտնվում նրանք և ընդդիմադիրները։
Ելույթի վերջում քաղաքապետը անդրադարձել է նաև առաջիկա ընտրություններին՝ հստակ հորդորելով ժողովրդին հունիսի 7-ին «ուղարկել նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին գրողի ծոցը»։