2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված իրադարձությունների շուրջ Պետական պահպանության ծառայությունում (ՊՊԾ) սկսվել է ծառայողական քննություն։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Ծաղկազարդի պատարագի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թիկնազորի ուղեկցությամբ, մտել էր եկեղեցի։ Անվտանգության աշխատակիցները փորձել են սահմանափակել հավատացյալների տեղաշարժը՝ պահանջելով հետ քաշվել, ինչն առաջացրել է դժգոհություն մի խումբ երիտասարդների շրջանում։ Արդյունքում առաջացել է հրմշտոց անվտանգության ծառայողների և քաղաքացիների միջև։
Դեպքից հետո եկեղեցու բակում ձերբակալվել էին երեք երիտասարդներ՝ 18-ամյա եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու Գևորգ Գևորգյանը։ Վերջինս հայտարարել էր, որ իրեն բերման են ենթարկել «վարչապետի աչքերի մեջ նայելու» համար։
Ավելի ուշ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է վարչապետի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում երիտասարդին։ Այս տեսանյութը կասկածի տակ է դնում այն վարկածը, թե երիտասարդը հարձակման մտադրություն է ունեցել։
Քննության կենտրոնում հայտնվել է նաև անվտանգության ծառայողներից մեկը՝ Արտյուշ անունով ծառայողը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՊՊԾ համակարգում որոշում է կայացվել, որ տվյալ աշխատակիցը ժամանակավորապես ներկա չի գտնվի հանրային միջոցառումներին՝ հաշվի առնելով միջադեպի շուրջ ձևավորված հանրային արձագանքը։ Ըստ աղբյուրների՝ նրա գործողությունները բացասական արձագանք են առաջացնում հասարակության շրջանում։