Եթե ՔՊ-ն վերընտրվի՝ Հայաստան չի լինելու. Սյունիքը դառնալու է Հորմուզի նեղուց… չբողոքե՛ք, որ չէինք զգուշացրել. Արթուր Խաչիկյան

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը խիստ զգուշացնում է՝ եթե Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը (ՔՊ) վերընտրվի Ազգային ժողովի ընտրություններում, Հայաստանը, որպես պետություն, կվերանշանվի։ Նա այս կանխատեսումը կապում է տարածաշրջանային քաղաքական գործընթացների հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված պահանջների հետ։

«Եթե նրանք ընտրվեն, այստեղ արդեն Կաթողիկոսի հարցը չէ, գնաճի հարցը չէ, Հայաստան չի լինելու, որովհետև Ադրբեջանը շատ հստակ ասում է. «Մեզ օր ասեք՝ երբ է 300.000 մարդ վերադառնալու Հայաստան»։ Եվ եթե իր աղանդի անդամներն ուզում են, որ այդպիսի բան լինի, թող լինի իրենց ուզածը, ես չեմ կարող անընդհատ նույն բանն ասել, բայց հետո ոչ ոք չբողոքի, որ չէինք զգուշացրել, թե սրա հետևանքն ինչ է լինելու»,- նշում է Արթուր Խաչիկյանը։

Քաղաքագետը նաև անդրադառնում է օրվա խորհրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Նա ծիծեռնակաբերդյան հուշահամալիր այցելության առիթով Նիկոլ Փաշինյանի գործողությունները որակում է որպես անարգանք և Մեծ Եղեռնի հուշարձանի պղծում։

Խաչիկյանը ցավով արձանագրում է, որ հայերը փաստացի դարձան աշխարհում առաջին ազգը, որն ունենալով պետություն՝ հանձնեց իր սեփական ժողովրդին՝ իր հայրենակիցներին Արցախում։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես հրաժարվի խոսել Ցեղասպանության և պատմության մասին։

«Այս անձը, ցավոք սրտի, գնաց և պղծեց մեր Ծիծեռնակաբերդի հուշարձանը։ Եթե այնտեղ դրված լիներ խաչքար, որի վրա գրված լիներ՝ Ստեփանակերտ, Հադրութ, Ասկերան և Մարտակերտ, նա երևի այդ խաչքարին մոտ չէր գա և ծաղիկ չէր դնի, որովհետև իր տերը Բաքվից իրեն կզանգեր և կարգելեր, պետք լիներ՝ մի հատ էլ ծնկի կգար նրա առջև։ Այս մարդն ինքն է ասել, որ Պրահայում հանձնեց Ղարաբաղը, որ ռուսներին դուրս հանի ռեգիոնից։ Նա ինքը դա ընդունել է»,- նշում է Խաչիկյանը։

Նա նաև նկատում է, որ Իրանը դուրս է գալիս որպես հաղթող՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ պատերազմում, սակայն կանխատեսում է, որ հայ-իրանական սահմանի և ԹՐԻՓՓ նախագծի հետ կապված՝ երկու կողմից աճելու է ճնշումը Հայաստանի վրա, և «մեր Սյունիքը դառնալու է Հորմուզի նեղուց»։