ՀՀ-ում նույնականացման քարտը կդառնա անձը հաստատող հիմնական փաստաթուղթը

ՀՀ կառավարության նիստի ընթացքում ներկայացվեց «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն՝ 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ այս փոփոխության արդյունքում անձը կկարողանա ստանալ կենսաչափական անձնագիր միայն այն դեպքում, երբ նույնականացման քարտ ունենա։

6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն։ Մինչև 6 տարեկան անձանց համար անձը հաստատող փաստաթուղթը կլինի ծննդյան վկայականը։

Նախարարը նաև հայտնեց, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը կթվայնացվեն։ Այս փոփոխության հետևանքով նույնականացման քարտերը կկիրառվեն ներպետական ընթացակարգերում, իսկ անձնագրերը կդիտարկվեն որպես ճամփորդական փաստաթղթեր։

Աշնանը Հայաստանում ներդրվող նոր կենսաչափական անձնագրերը, նախարարի խոսքով, կարևոր դեր կունենան նաև վիզաների ազատականացման գործում։

Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթը ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը՝ անհետաձգելի ռեժիմով։