Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հստակ հարցադրում է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ վերաբերյալ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքին և հանգամանքներին։
«Այդ տարածքով են ձեր ասած գեներալները փախել, և ես գտնում եմ, որ դա ձեր պատասխանատվության գոտում է, քանի որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, իսկ այն հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտիով է Ադրբեջանը շրջանցել, եկել-հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և Հայաստանի Հանրապետության սահմաններ՝ Գորիս, Կապան, Մեղրիի սահմանները։ Հիմա դուք ասում եք՝ փախել են գեներալները, փախել են ձեր ղեկավարությամբ, գնացեք և որոշում ընդունեք»,- խորհրդարանում հնչեց Սեյրան Օհանյանի հարցը։
Այս հարցադրումը, որը հնչել է ԱԺ ամբիոնից, ունի իր պատմությունը։ Օհանյանը նման մտքեր արտահայտել է դեռևս 2023 թվականին՝ 168.am-ի հետ հարցազրույցում, և այն հնչել է ավելի մեծ ուշադրության կենտրոնում, քանի որ այս անգամ ուղղված էր անմիջապես վարչապետին։
Սեյրան Օհանյանը պնդում է, որ պատերազմի ժամանակ ՊԲ-ն ունեցել է 283 կմ պաշտպանական գոտի, որտեղ հակառակորդը հարված է հասցրել երկու ուղղությամբ՝ հարավային (Հադրութ, Ջաբրայիլ) և հյուսիսային (Մարտակերտ)։ Ըստ նրա՝ Մարտակերտի ուղղությամբ հնարավորություն է եղել կանգնեցնել հակառակորդին, ինչը տեղի է ունեցել օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակների աշխատանքի արդյունքում։ Իսկ հարավային ուղղությամբ պաշտպանական գիծը ճեղքվել է։
«Եթե մեծ ճեղքում է տեղի ունենում, ապա Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի հրամանատարները մեղավոր չեն, որ այդ ճեղքումով հակառակորդը կարողացել է 52 կմ մինչև Շուշի հասնել, մինչև 70-100 կմ հասնել Մեղրի, Կապան, Գորիս, Սև լճի հատվածներ։ Այդ հրամանատարները մեղավոր չեն։ Մեղավոր են այն մարդիկ, որոնք պետք է ռազմական գործողությունների թատերաբեմը պատկերացնեին՝ տարածության, ընդհանուր ճակատի, խորության, ժամանակի, զորքերի դասավորության, հնարավոր վերախմբավորումների և զինված ուժերն անընդհատ համալրելու առումով»,- նշում է նախկին պաշտպանության նախարարը։
Նրա կարծիքով՝ եթե ՊԲ-ն իր պաշտպանության գոտում որոշում է ընդունում, այդ որոշումը հաստատում է կամ Գլխավոր շտաբի պետը, կամ Արցախի Հանրապետության նախագահը։ Իսկ այնտեղ, որտեղ մի քանի զորամիավորումներ են, այդ մի քանի զորամիավորումների միջև համագործակցությունն ապահովողը, որոշում կայացնողը, պատասխանատուն ԳՇ-ն է, իսկ ԳՇ-ի որոշումը հաստատողը՝ ՀՀ ղեկավարն է՝ որպես Գերագույն հրամանատար։
Օհանյանը շեշտում է, որ Շուշիի օպերացիան պետք է դիտարկել ամբողջ պաշտպանական օպերացիայի համատեքստում՝ որպես ճեղքման գոտում հակառակորդի հետևողական առաջխաղացման հետևանք։ Նրա խոսքով՝ ռազմավարական մակարդակի պատասխանատուն պետք է դեմն առներ գոնե Հադրութի անտառային հատվածներում, որտեղ բավականին լավ պայմաններ էին կանգնեցնելու համար։
Այս հարցադրումը հանրային դարձնելու նպատակով Օնիկ Գասպարյանը առաջարկել է կազմակերպել փակ ձևաչափով քննարկում Ազգային ժողովում՝ ներգրավելով պատերազմի ժամանակ պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։
Այս նախաձեռնությունը հարուցել է բազմաթիվ հարցեր՝ ինչու ԳՇ նախկին պետը մինչև այս չի արձագանքել հրապարակային մեղադրանքներին, ինչու չի ասել 44-օրյայի ժամանակվա իր որոշումների մասին, և ինչու հիմա, երբ հանրությունը պահանջում է զեկույցի հրապարակում, նա առաջարկում է քննարկել այն փակ դռնների հետևում։