Հանրապետական կուսակցությունը առաջարկում է ընդդիմադիր բոլոր ուժերով հենց այս պահին հստակեցնել խաղի կանոնները՝ հետընտրական գործընթացների ժամանակ ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրմանը խոչընդոտող հնարավոր իրավիճակներից խուսափելու նպատակով։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը՝ հստակեցնելով, որ խոսքը ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած հուշագրի ստորագրման մասին է։
ՀՀԿ խորհրդի անդամը նշեց, որ առաջարկվում է ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերի նախընտրական ցուցակների առաջին տասնյակներում ընդգրկված թեկնածուները ստորագրեն համապատասխան հուշագիր՝ ստանձնելով բարոյական պարտավորություն՝ չհամագործակցել իշխանության հետ և չլքել ընդդիմադիր դաշտը։
Նազարյանը բացատրեց, որ նման միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է հնարավոր հետընտրական սցենարներով։ Նա նշեց, որ եթե ընդդիմադիր ուժերը խորհրդարան մտան, սակայն որոշակի պայմաններում (օրինակ՝ սահմանադրական կարգավորումների պատճառով) վարչապետի պաշտոնը չի կարող զբաղեցնել ցուցակում առաջին տեղը գրաված թեկնածուն, ապա կարող է առաջանալ իրավիճակ, երբ իշխանությունը կփորձի օգտվել ընդդիմության ներսում առկա լարվածությունից՝ խոչընդոտելով միասնական գործողությունները։
ՀՀԿ-ն իր հերթին ունի գործողությունների ծրագիր, սակայն, ինչպես նշեց Նազարյանը, այդ մասին նախապես եթերային ձևաչափով խոսելը ճիշտ չէ։
Նազարյանը նաև անդրադարձավ ներկայիս քաղաքական իրավիճակի գնահատականին՝ նշելով, որ իշխանությունների գործողությունները և ընդդիմախոսների նկատմամբ շարունակվող բռնաճնշումները թուլության և վախի դրսևորումներ են։ Նա կարծում է, որ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը հասկանում է իրեն սպառնացող ծանր պատասխանատվությունը և վստահ է, որ կարող է հաղթահարել այս ճնշումները։
ՀՀԿ խորհրդի անդամը նաև անդրադարձավ Սամվել Կարապետյանի անձին՝ նրան անվանելով ազգային բարերար և հայկական ազգի բարերարներից մեկը՝ համեմատելով նրան Պողոս Նուբար Փաշայի, Գալուստ Գյուլբենկյանի, Քըրք Քըրքորյանի և Ալեք Մանուկյանի հետ։ Նա նշեց, որ Սամվել Կարապետյանը ֆինանսավորել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների զենք-զինամթերքը, որի մի մասը հետագայում իշխանությունների կողմից հանձնվել է թշնամուն։